Նիկոլ Փաշինյանը ներքաշում է Հայաստանը «պրոքսի» պատերազմի մեջ` կատարելով պետական դավաճանություն
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․
«Դուք գիտեք, որ Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, և մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ՝ խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային», – հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը:
Ով չգիտի, հիշեցնենք, որ Մոլդովայում երկու կուսակցություն ուղղակի դուրս նետեցին ընտրություններից (մեկին չգրանցելով, մյուսին` արդեն կուսակցության անունը տպված քվեաթերթիկներում առկա լինելու պարագայում), իսկ ընտրությունների արդյունքը որոշվեց Եվրոպական Միության երկրներում ապրող մոլդավացիների աննխադեպ «ակտիվ» քվեարկության շնորհիվ: Հիշեցնենք նաև, որ Մոլդովայի հարևան Ռումինիայի ընտրություններում ընդհանրապես չեղարկեցին նախագահական ընտրությունները այն բանից հետո, երբ թեկնածու Ջորջեսկուն ջախջախիչ հաղթանակ տարավ առաջին տուրում: Եվ Մոլդովայում, և Ռումինիայում նման գործողությունները «հիմնավորվեցին» նրանով, որ իբր վերոհիշյալ քաղաքական ուժերը ֆինանսավորվել են Ռուսաստանի կողմից: Որեևէ լուրջ ապացույց այդպես էլ չներկայացվեց, իսկ Ռումինիայի դեպքում որոշումը կայացվեց երկրի անվտանգության ծառայության տեղեկանքի հիման վրա, որը հետագայում նույն այդ ծառայությունը սխալմունք համարեց: Եվրոպան, սակայն աչք փակեց հակաժողովրդավարական այդ քայլերի վրա, ինչի համար, ի դեպ, արժանացավ Թրամփի վարչակազմի սուր քննադատությանը: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, մասնավորապես, Մյունխենի Անվտանգության կոնֆերանսի ժամանակ մեղադրեց Եվրոպային ժողովրդավարական նորմերի ոտնահարման, գրաքննության և այլախոհության ճնշման մեջ:
Փաշինյանը, փաստորեն, իր բոլոր ընդդիմախոսներին հայտարարում է Ռուսաստանի կողմից վարվող «հիբրիդային» պատերազմի զինվորներ և Եվրոպայի աջակցությունն է խնդրում նույնպիսի հակաժողովրդավարական գործողությունների համար:
Սա աննախադեպ խայտառակություն է, եթե ոչ պետական դավաճանություն: Փաշինյանը ներքաղաքական պայքարում հաղթելու համար մեր վրա «տղա է կանչում» Եվրոպական Միությանը, կեղծ մեղադրանքներ ներկայացնում ամբողջ ընդդիմության դեմ և ակնկալում «կանաչ լույս» կամ քարթ-բլանշ ընտրություններ արդյունքները կեղծելու ծրագրի իրականացման համար:
Ամբողջ զավեշտն այն է, որ ժողովրդավարության ջախջախման համար Փաշինյանի կառավարությունն աջակցություն է ակնկալում հենց այն Եվրոպայից, որը շատերի աչքերում համարվում է ժողովրդավարական արժեքների մեծագույն պատվարը: Փաշինյանի ցինիզմը հենվում է այն փաստի վրա, որ ինչպես ցույց է տալիս պատմությունը, ժողովրդավարական երկրները պատրաստ են զոհաբերել աբլ երկրներում ժողովրդավարության աջակցությունը հանուն աշխարհաքաղաքական մեծ շահերի: Այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների պարտավորությունն է` Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովդավարներին հասցնել ճշմարտությունը Նիկոլ Փաշինյանի անօրեն և հակաժողովրդավարական ռեժիմի չարագործությունների մասին ճշմարտությունը:
