Պուտինը երևի նայում ու ժպտում է
Գերմանիայում Փաշինյանի ինքնամոռաց ձեռքսեղմումներն ու հորինված ժպիտների առատությունը չօգնեց, որ ԵՄ-ն նրան ասի՝ արի ԵՄ, մենք քեզ հերթից դուրս կընդունենք։ Այդ SMS-ը չեղավ, ու նա կանգնեց կոտրած տաշտակի առաջ։ Նա ԵՄ-ից ակնկալում էր ավելի հստակ քաղաքական ազդակ՝ ապագա անդամակցության մասին։ Բայց այդ խոստումը չեղավ։ Նա էն գլխից էլ գիտեր, որ ԵԱՏՄ- ԵՄ ընտրության իրական պահը չէ։ Գիտեր, բայց գործընթացի ղեկն իր ձեռքում էր պահում և չէր ուզում ԵՄ-ի աջակցությունը կորցնել՝ առջևում ընտրություններ են․․․ Լսենք, թե ինչ է ասում լրագրողների հետ զրույցում․ «Մենք հասկանում ենք, որ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միաժամանակյա անդամակցությունը հնարավոր չէ․․․ »։ Բա որ հասկանում ես, ինչու՞ ես հանրությանը Եվրոպա թևավորել, ինչու՞ ես Ռուսաստանի հետ «մարտի բռնվել»։
Հասկանում է, բայց չի ուզում Եվրոպային ու իր եվրոպական խմբակին հուսախաբ անել, ասում է․ «ԵԱՏՄ-ից դուրս գալը նպատակ չէ։ Բայց, մյուս կողմից, ԵՄ անդամ դառնալն է նպատակ»։ Նա Դրանով Մոսկվային ուղերձ է ում, որ Հայաստանը չի պատրաստվում կտրուկ հեռանալ ԵԱՏՄ-ից։ Սա մի տեսակ քաղաքական ապահովագրություն է, որ Ռուսաստանը չարձագանքի կոշտ։ Նա պարզ հասկանում է, որ եթե Հայաստանը գնա ԵՄ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը անխուսափելի կլինի։ Նրա ասածի պարզ բացատրությունն է՝ այսօր չենք լքում ԵԱՏՄ-ը, որովհետև moment-ը չէ։ Այդ օրը դեռ չի եկել․ հիմա դրա համար անհրաժեշտ հիմքերը չունենք։ Բա որ չի եկել, նորից եմ բարձրաձայնում՝ ինչու՞ ես հանրությանը խառնել իրար, թե բա Եվրոպա ենք գնում։ Էլ ավելի զավեշտալի է նրա ամփոփումը․ «Երբ մենք դիմենք, երկու տարբերակ կա՝ կա՛մ մեզ կընդունեն, կա՛մ չեն ընդունի, ընդ որում, կարող է ԵՄ-ն որոշի, որ այլևս չի ուզում ընդլայնվել։ Մեր պլանի էությունն այն է, որ երբ հասնենք այդ կետին՝ անկախ նրանից, մեզ կընդունեն ԵՄ, թե չեն ընդունի, մենք շահած դուրս գանք»։ Նմանություն չկա՞ երբ ասում էր՝ ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք ճանաչի։
Փաշինյանը, երևի, սպասում էր, որ Եվրոպան արագ, հստակ խոստում կտա՝ «այո, Հայաստանը կարող է անդամակցել ԵՄ-ին»։ Երբ չեղավ, նա հայտնվեց մի իրավիճակում, որտեղ դեպի ԵՄ գնալու դուռըդեռ փակ է, իսկ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները ,, փչացրել է,,։ Ստացվել է՝ ո՛չ էն կողմ, ո՛չ էս կողմ։ Քիչ առաջ կարդում էի, թե Փաշինյանի ինքնաթիռը մոտ մեկ ժամ ռուսական օդային տարածքներում պտույտներ էր գործում ու չէր կարողանում վայրէջք կատարել։ Իսկը իր վիճակն է։ Ռուսական օդում պտտվում, բայց սիրտը ԵՄ է ուզում․․․ Պուտինը երևի նայում ու ժպտում է՝ էդպե՜ս կպտտվես Ռուսաստանի օդում․․․
«Հրապարակ օրաթերթ»
