«Բարի էր, կամեցող, աշխույժ, բազմաթիվ երազանքներ ուներ». հրետանավոր Լևոն Ստեփանյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իր տեսակով շատ հանգիստ էր Լևոնս։ Իրեն նայողը կմտածեր, թե խոսելը, կատակելն իրենը չեն։ Բայց շատ հումորով էր։ Լուրջ դեմքով կատակ կաներ, բոլորը լիաթոք կծիծաղեին, նա էլ կզարմանար՝ ի՞նչ է եղել որ։ Շատ աշխույժ էր։ Փոքրուց բարի է եղել, կամեցող։ Սիրում էր տարիքով ավելի մեծերի հետ շփվել։ Երբ իրեն հարցնում էին, թե ինչ է դառնալու, ասում էր՝ դերասան։ Անընդհատ «Բանակում» սերիալն էր նայում, ասում՝ պետք է դերասան դառնամ, այդ սերիալում խաղամ։ Հետո մտափոխվեց, թե՝ պետք է իրավաբան դառնամ։ Ամեն ինչ ուզում էր անել։ Իրեն միշտ ասում էինք՝ եթե այսքան շատ բանի մասին ես մտածում, արդյունքում ոչինչ չես անի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հեղինեն՝ Լևոնի մայրիկը։ Ութերորդ դասարանում Լևոնը որոշում է՝ պետք է ոսկերչություն սովորի։ Լևոնն ընտանիքի միակ երեխան է։ «Իր հետ շատ մտերիմ էինք։ Երբ փողոց էինք դուրս գալիս, բոլորն ասում էին՝ կարծես ոչ թե մայր ու որդի, այլ քույր ու եղբայր լինեք»։

Լևոնը ծնվել է Աբովյանում, բայց ընտանիքը Գառնիում է ապրել։ «Երբ իրեն ասում էինք՝ տեղափոխվենք Երևանում ապրելու, միշտ արձագանքում էր՝ դուք գնացեք, ես Գառնիում եմ մնալու։ Ճիշտ է, գյուղական որևէ աշխատանք անել չէր սիրում, բացառությամբ ծաղիկներ աճեցնելը, բայց Գառնիի համար խենթանում էր, չէր մտածում որևէ այլ վայրում ապրելու մասին»։

Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Հեղինեն նշում է՝ որդին շատ էր սիրում «Պատմություն» առարկան։ «Պատմությունից իրեն հարցեր էինք տալիս, բոլորին պատասխանում էր, զարմանում էինք։ Չեմ կարող ասել, որ գերազանց է սովորել, բայց դասերին պատրաստ է եղել։ Շատ կարգապահ էր, կազմակերպված, որպես լավ աշակերտ ավարտեց դպրոցը»։

Լևոնը մի քանի ամիս ոսկերչության դասերի է հաճախել, իր ապագան այդ արհեստի հետ էր կապում։ «Բանակում ծառայելիս իր ծառայակից ընկերներից մեկի հետ որոշել էին՝ զորացրվելուց հետո պետք է խանութ բացեն, Լևոնն էլ այնտեղ ոսկերչությամբ զբաղվի։ Լևոնս նաև իր ընկերոջ կնքահայրը պետք է դառնար, այդպես էին որոշել։ Պատերազմից հետո ընկերը մեր տուն եկավ և կնքահայր լինելու առաջարկը մեզ արեց. «Լյովի հետ մեր պայմանավորվածությունը պետք է կատարենք»։ Ու մենք եղանք իր թե՛ կնունքի, թե՛ հարսանիքի քավորը»։

2019 թվականի դեկտեմբերի 16-ին Լևոնը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Կապանում։ «Շատ ոգևորված մեկնեց ծառայության։ Մեր միակ երեխան էր, իրենով էինք ապրում, անհանգստանում իր համար, մտածում էինք նաև, որ բանակում չծառայի։ Բայց նա կտրականապես մերժեց. «Եթե ինձ բանակից ազատելու փորձեր անեք, կփախչեմ, ես, միևնույնն է, գնալու եմ բանակ։ Քառօրյա պատերազմի ժամանակ ասաց. «Մա՛մ, պատկերացնո՞ւմ ես՝ մի օր էլ ինձ այդպես բերեն տուն, մի օր էլ կարող եմ ես լինել այդ տղաների փոխարեն»։ Ասել է այդ բառերը։ Բարկանում էի՝ Լյո՛վ, նման բաներ մի ասա։ Դրանից հետո իմ ներսում վախ կար։ Բայց ինչ-որ պահի նաև ծառայությունից իրեն ազատելու մտքից հետ կանգնեցի՝ թող իմ որդին էլ ծառայի։ Ուզում էր Արցախում ծառայել, բայց ծառայության վայրը Կապանը դարձավ։ Ասում էր. «Իմ սրտով չեղավ, ես այստեղ չէի ուզում, պետք է ամեն ինչին մասնակցեի»։ Շատ ուրախ մեկնեց ծառայության, անհամբեր օրերն էր հաշվում, թե երբ պետք է գնա։ Ծառայության ընթացքում էլ ամեն ինչից շատ գոհ է եղել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Սեպտեմբերի 4-ին իրենց տարան Ջրական զորավարժությունների։ Չէր սիրում, երբ իրեն հարցեր էինք տալիս։ Միայն ասաց, որ զորավարժություններից իրենց զորամաս վերադառնալուց հետո արձակուրդ է գալու. «Չեմ համբերում, թե երբ պետք է տուն գամ»։ Կարծես զգացողություն ունենայինք, որ մի բան այն չէ։ Սեպտեմբերի 27-ին աշխատանքի էի։ Առավոտյան շշուկներ տարածվեցին, որ պատերազմ է, Ջրականը հարվածների տակ է։ Լևոնն ամեն օր երեկոյան ժամը ութին էր զանգահարում։ Ես չէի ուզում զանգահարել, որ հանկարծ իրեն չխանգարեմ։ Ժամը 12-ին զանգահարեց, ասաց. «Մա՛մ, որ բաներ լսես, սուտ է, չհավատաս, չնեղվես»։ Գիտեր, թե ինչ ապրումներ կունենամ։ «Լավ, բալե՛ս, քեզ լավ պահի»։ Լևոնս ասաց՝ դու չզանգես, ես կզանգեմ քեզ։ Այդ օրը կեսգիշերին խոսեցինք։ Պատերազմ բառը բերանումս թողեց. «Մա՛մ, քեզ ասել եմ, որ ոչ մի բան չկա, եթե մի բան լինի, ես քեզ կասեմ»։ Ամեն օր ասում էր՝ ուշ ենք գնում ճաշարան, հիմա էլ գնում ենք լողանալու, հետո քնելու։ Բայց իրենց մոտ էր առաջին զոհը եղել։ Արդեն այդ լուրերը տարածվել էին։ Բայց ես էլի չէի ցանկանում իրեն հարցեր տալ։ Սեպտեմբերի 29-ի գիշերը Լևոնս զանգեց՝ մա՛մ, ո՞նց ես, քնե՞լ էիր։ Տղայիս ասացի, որ իր զանգին էի սպասում։ Հարցրեց՝ մա՛մ, ինձ հարցնո՞ւմ են։ Դրական պատասխան տվեցի։ Լյովս արձագանքեց. «Բոլորին ասա, որ իրենց շատ սիրում եմ ու բարևում եմ»։ Այդ օրը մայրիկիս տանն էի։ Գիշերով վեր եմ կացել, սենյակների դռները հերթով բացել եմ ու փոխանցել Լևոնիս բարևները։ Ես խոսում էի, Լևոնս ասում էր. «Լավ, մամուլկին, բարի գիշեր, ես էլի կզանգեմ»։ Ու իր այդ «լավ»-ը, որը մի տեսակ երկարացնելով էր ասում, մնաց իմ ականջներում։ Իր հայրիկն այդ ընթացքում Հայաստանում չէր, ասացի՝ Լյո՛վ ջան, պապայիդ էլ զանգիր։ «Մա՛մ, իրեն ցերեկը զանգել եմ, բայց դու էլ կփոխանցես բարևներս»»։

Տիկին Հեղինեն պատմում է՝ առավոտյան աշխատանքի գնալիս ավտոբուսի մեջ մարդիկ խոսում էին, որ Գառնիից զոհ կա։ «Ասում էին՝ Սուրենն է, և մեկ էլ Աբովյանից մի տղա։ Քանի որ Լևոնս Աբովյանում է ծնվել, այդպես էր նշվում։ Ես էլ ասում էի՝ Լյովս իմանա, որ Սուրենին ինչ-որ բան է եղել, չի դիմանա։ Հեռախոսս բացել, ցույց էի տալիս Սուրենի, հետո Լևոնիս նկարը։ Մարդիկ կային, որ արդեն գիտեին լուրը, բայց ես անտեղյակ էի»։

Լևոնն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում։ Իսկ հետո ծանր օրեր էին տիկին Հեղինեի համար, անգամ չապրելու փորձեր, բայց հոգեբանի այն խոսքը, որ այդ դեպքում Լևոնը մայրիկին չի ների, նրան հետ են պահել կյանքին հրաժեշտ տալու մտքերից։ Տարիներ շարունակ ընտանիքը պայքարում է, որ իրենց ընտանիքում կրկին երեխայի ճիչ լսվի։ «Անհնար է այսպես ապրել։ Պայքարում ենք բալիկ ունենալու համար, որ գոնե իրենով մխիթարվենք, ապրենք»։

Ապրելու ուժի մասին։ «Լևոնիցս հետո եղբորս ընտանիքում որդի ծնվեց։ Հարսս հիվանդանոցից զանգահարեց. «Հե՛ղ, տղա եմ ունենալու, անունը Լևոն եմ դնելու»։ Լևոնը ծնվեց, և ես ու ամուսինս չորս տարի է՝ իրենով ենք ապրում։ Անընդհատ մեր տանն է, գնում է, գալիս, մեզ հետ մնում։ Նա մեզ ուժ տվեց։ Ես ամեն ինչ անում եմ, որպեսզի որևէ մեկն ինձ լաց լինելիս չտեսնի։ Բայց փոքր Լևոնս ինձ մեկ անգամ տեսել էր հուզված։ Մի օր ասաց. «Հեղի՛ն, երազումս Լևոնին եմ տեսել։ Լյովն ասաց՝ դու մնա մամայիս մոտ, որ մամաս չլացի, պապաս բարի մարդ է, քեզ լավ կպահի»։ Եվ խնդրեց ինձ չլացել ու նկարագրեց Լյովիս այնպես, ինչպես որ նա կար։ Հասկացա, որ իրոք երազում տեսել է Լյովիս։ Այս տարիների ընթացքում մեզ ուժ տվողը, մեզ ապրեցնողը փոքրիկ Լյովս դարձավ»։

Հ. Գ.- Լևոն Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Գառնիի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 177 անգամ
Լրահոս
Մոսկվա-Երևան չվերթը չեղարկվել է «Հոգևորականներն իրավունք չունեն զբաղվելու քաղաքականությամբ» պնդումը հակաօրինական է ու հակազգային. Վրթանեսյան Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը պաշտպանել անպարկեշտ գործով․ Աղասի Ենոքյան Ո՞վ է Նիկոլի սրտի կաթողիկոսը․ Արեգնազ Մանուկյան (video) Դատախազությունը պատրաստվում է խլել Սասուն Միքայելյանի գույքը (video) Ավտովթար Սյունիքի մարզում. «Mitsubishi»-ն բախվել է ճամփեզրի արգելապատնեշին «Փաշինյանը Համբուրգից շտապում է Պուտինի մոտ» (video) «Մեծ անիվ»-ի մոտ հրդեհ է բռնկվել կայանված «Nissan»-ում. այն վերածվել է մոխրակույտի Պաշտպանության նախարարության պարտիզանական լռությունը. Գեղամ Մանուկյան Լավ լուր ունեմ արցախահայերի համար․ Ռոման Երիցյան (video) Խայտառակ վիճակ է նաև մանկական հիվանդանոցներում՝ միջանցքներում տեղ ու դադար չկա. Արմեն Հովասափյան Ժողովու՛րդ, Նիկոլն ու Ավինյանը ձեզ համար «խայտառակ նվեր» ունեն․ ավագանու անդամ (video) Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայի օդանավակայանում Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլը» արտոնություն ստացավ «Առնետի պես խի՞ ես պախկվել»․ Գերմանիայի հայ համայնքը խայտառակում է Փաշինյանին (video) ՀՀ-ում սպառողական հասարակության ակնկալիքները բավարարելու լավագույն քարոզչական մեքենայություններից մեկը ԵՄ անդամ երկրների վիզաների ազատականացման մասին «խոսույթն» է. Ոսկանյան Գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում #ՀԻՄԱ․ Արմեն Աշոտյանը «հերձում է նիկոլական հերթական սուտը» (video) Փաստ է, որ հայաստանյան իշխանությունը զիջում է իր շահերն ու վերջին հաղթաթղթերը․ Աբրահամյան Բանկերից մեկում հրդեհ է բռնկվել, տուժած կա «Բարի էր, կամեցող, աշխույժ, բազմաթիվ երազանքներ ուներ». հրետանավոր Լևոն Ստեփանյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը կվերափոխվի Իշխանական քաղաքականության երկդիմությունն ու մանիպուլյատիվ դարձերեսը «Գործ ունենք ավտորիտար ռեժիմի անցման հետ. ժողովրդավարությունն ավարտվում է այնտեղ, որտեղ վտանգ կա ռեժիմի հաստատունության համար» Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am