Վախենում է իշխանության հաջորդ օրվա անորոշությունից․ աթոռի կորուստ, վերահսկողության կորուստ, ձեռք բերածի չվայելում
Փաշինյանն ունի բախման ծարավ՝ դա նրա ներքին մղումն է, նրա գործունեության առանցքը։ Մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչ կարգի բախումների է գնում և ինչքան անընդհատ է այդ ընթացքը։ Նրան լավ ճանաչողները իսկապես զարմացած են՝ ինչու՞ հենց կաթողիկոսի հետ չի անցնում այդ «վերջնական գծից», ինչու՞ չի կալանավորում կաթողիկոսին։ Պատճառը պարզ է․ նրա հոգեբանական կառուցվածքում բախման ծարավը գոյակցում է վախի շատ բարձր շեմի հետ։ Փաշինյանը բախման մեջ ինքնահաստատվում է, բայց նրա ներսի վախի սենսորը աշխատում է գերակտիվությամբ։ Այդ սենսորը արգելում է անցնել այն կետը, որտեղ բախումը դադարում է լինել ուժի ցուցադրում և վերածվում է ինքնափլուզման ռիսկի։ Նա չի վախենում աղմուկից, սկանդալից, հրապարակային օրվա ցնցումից, բայց վախենում է իշխանության հաջորդ օրվա անորոշությունից․ աթոռի կորուստ, վերահսկողության կորուստ, ձեռք բերածի չվայելում։ Ուստի բախումը հրահրում է մինչև այն սահմանը, որտեղից այն կողմ վտանգը դառնում է անձնական։
Այդ պահին նրա վախի սենսորը կանգ է առել «կարմիր գծի» առաջ՝ ազգային սրբության հետ բախում, Սփյուռքի անմիջական արձագանք, ներքին պայթյունի հավանականություն, անկառավարելիության վտանգ։ Այստեղ վախը պարզապես ազդանշան չէ, այլ բացարձակ արգելք։ Կաթողիկոսի հետ իրական բախումը նրա համար դառնում է ինքն իրեն վտանգելու գործողություն։ Այդ պատճառով կաթողիկոսի կալանքը նրա համար ոչ թե հաղթանակ կլինի, այլ ինքնաոչնչացման ակտ։
Եկեղեցին ունի ազգային հիշողության ինքնապաշտպանություն, Սփյուռքի ծանր կշիռ, ներքին պայթյունի ռիսկ։ Այս երեքը միանգամից ստեղծում են այն դաշտը, որտեղ Փաշինյանի ձեռագիրը փոխվում է։ Ուղիղ հարվածի փոխարեն՝ սկսում է «քամիներ փչել» Եկեղեցու շուրջ՝ վարկաբեկման շարունակական ալիքներ, հոգեբանական մաշեցման ռազմավարություն։ Նրա նպատակը մի բան է՝ հանրությանը մատուցել պատկերը, թե իբր «տեսե՛ք, ինչպիսի խնդրահարույց կառույց է»։ Նրա խնդիրն է ամրացնել նարատիվը, թե «Եկեղեցին այնքան կարևոր չէ, որքան ներկայացվում էր»։
Հասմիկ Բբաջանյան
«Հրապարակ օրաթերթ»
