«Չպետք է կոտրվեմ, որ ապրեցնեմ իմ որդուն». Սերժ Բեգլարյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին «Նռան բաղերում»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երբ նոր էր ծնվել, շատ խելոք էր։ Չէր լացում անգամ ներարկումների ժամանակ։ Տարիքի հետ իր հանգիստ բնավորությունը պահպանեց, դարձավ խելացի երիտասարդ։ Սերժը յուրահատուկ էր բոլորի՝ բարեկամների, ընկերների, հարևանների համար։ Քոլեջում խոհարարական բաժնում է սովորել։ Դեպքից հետո, երբ իր դասընկերները եկան մեր տուն, աղջիկներն ասում էին. «Դասարանի տղաներին Սերժին որպես օրինակ էինք բերում։ Միշտ ասում էինք՝ Սերժն իսկական տղա է թե՛ ջենտլմենությամբ, թե՛ նվիրվածությամբ»։ Շատ սրտաբաց էր, ընկերասեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինեն՝ Սերժի մայրիկը։

Սերժը ծնվել է Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Նոր Խարբերդ գյուղում։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ սովորելու հանդեպ որդին մեծ սեր չի ունեցել։ «Տարրական դասարանների իր ուսուցչուհուն՝ ընկեր Վարդանյանին շատ էր սիրում։ Մայրենի լեզուն և մաթեմատիկան էր սիրում և սովորում։ Իր ուսուցչուհու գործոնով էր դա պայմանավորված»։ Դպրոցն ավարտելուց հետո Սերժն ընդունվել է Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի խոհարարական բաժինը։ «Երկրորդ մասնագիտությամբ խոհարար եմ, գուցե դա ևս դեր խաղաց իր մասնագիտական ընտրության հարցում։ Երբ արդեն սովորում էր, իմ աշխատավայր պրակտիկայի էր գալիս։ Մի անգամ անձնակազմի համար բորշ պատրաստեց, բոլորը շատ հավանեցին իր պատրաստածը։ Այնտեղ էլ էին իրեն սիրում: Ուրիշ մտածելակերպ ուներ, հիմա իմ շրջապատում փնտրում եմ իր մտածելակերպով տղաների, բայց չեմ գտնում»։ Չորս ամիս քոլեջում սովորելուց հետո Սերժը 2019 թվականի հունվարի 18-ին զորակոչվել է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Հադրութում։ Մայրիկն ասում է՝ երբ զրուցում էին հեռախոսով, որդին ասում էր. «Քոլեջն ավարտելու եմ և շարունակեմ ուսումս խոհարարության գծով։ Ես պետք է մեծ ռեստորան ունենամ, հանրաճանաչ խոհարար լինեմ»։

Ծառայության մասին խոսելիս տիկին Քրիստինեն նշում է՝ որդին ուզում էր բանակ զորակոչվել։ «Իսկ ծառայության ընթացքում ասում էր՝ դիրքերում ինձ ավելի լավ եմ զգում, քան զորամասում։ Երբ հունիսին արձակուրդ եկավ, ընկերներից շատերը չէին մեկնել ծառայության։ Ընկերների մեկի մայրիկին ասել էր. «Լիան քուրիկ, խորհուրդ կտամ Բագրատին բանակ չուղարկես»։ Բայց Սերժն ինձ երբեք չի բողոքել որևէ բանի հետ կապված։ Նույնիսկ պատերազմական օրերին, երբ զրուցում էինք, չեմ իմացել, որ կռվի դաշտում է։ Այնպես էր խոսում, ասես զորամասում նստած էր։ Միշտ ասում էր՝ ամեն ինչ նորմալ է, ինձ նեղություն չի տվել որևէ հարցում։ Լինում էր, որ ինչ-որ բան էր ուզում ինձանից, կարող էի իրեն ասել երկու օրից կլինի, արձագանքում էր՝ լավ, մամա՛ ջան։ Միշտ մտել է իմ դրության մեջ, քանի որ գիտեր, թե ինչ դժվարությամբ է ամեն ինչ ձեռք բերվում։ Գնահատում էր իմ աշխատանքը»։ Ծառայության ժամանակ Սերժին ցանկացել են սերժանտի կոչում տալ։ Մայրիկն ասում է՝ խորհրդակցեց իր հետ այդ հարցի մասին։ «Ես իրեն ասացի, որ դա պատասխանատու գործ է։ Եվ նա հրաժարվեց»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Սեպտեմբերի 25-ին դիրքերից իջել էր։ Զանգահարեց, զրուցեցինք։ Ամսի 27-ի առավոտյան, երբ պետք է աշխատանքի գնայի, զանգեց՝ ինչ կա չկա, մա՛մ ջան, ոնց եք։ Ես էլ դեռ տեղյակ չէի, որ պատերազմ է։ Հարց ու փորձ արեց բոլորից, հետո էլ, թե՝ լավ, մա՛մ ջան, լավ մնացեք, կզանգեմ։ Հեռախոսն անջատեցի ու ընկա մտածմունքի մեջ, թե ինչու այդ բառերն ասաց։ Գնացի աշխատանքի, այնտեղ արդեն իմացա, որ պատերազմ է սկսվել։ Անդադար լաց էի լինում, հասկացա, թե ինչու էր Սերժս ասում՝ մամա՛, լավ մնացեք։ Աչքիս ոչինչ չէր գալիս»։

Հաջորդ զանգը սեպտեմբերի 30-ի առավոտյան էր։ «Ինձ զանգահարեց իր հետ եղած տղաներից մեկի հայրիկը։ Խոսեցինք, ասաց՝ Սերժը փոխանցել է, որ ամեն ինչ նորմալ է, մի մտածեք, ռոումինգ է, չի կարողանում զանգահարել։ Զանգն անջատեցի, րոպեների տարբերությամբ Սերժը զանգահարեց։ Ուրախությունից լաց էի լինում։ Իրեն ասում էի՝ գոնե զանգիր, ասա՝ մամ, ու անջատի, կարևորը ձայնդ լսեմ։ Իր եղբայրը Քառօրյայի մասնակից է եղել, հինգ օր իրենից լուր չեմ ունեցել, Սերժն իմ անհանգստությունը տեսել էր։ Ինձ հանգստացրեց, որ ամեն ինչ կարգին է։ Իմ վերջին բառերն էին՝ Սերժո՛, խնդրում եմ, ինձ մենակ չթողնես։ Զանգն անջատեցի, ուրախացած, որ զանգել է տղաս։ Դա իր վերջին զանգն էր»։

Հոկտեմբերի 1-ին ժամը տասնմեկն անց կեսի կողմերը Սերժը զոհվում է՝ իր վիրավոր ընկերներին դուրս բերելիս։ Նա անմահացել է «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի «Նռան բաղեր» հատվածում։ «Շատ լավ հրամանատար են ունեցել։ Տղաներից մեկը՝ Էդգարը, զոհվել է, հրամանատարը վիրավոր վիճակում գնացել է նրան դուրս բերելու, բայց նա էլ է զոհվել։ Եվ տղաները մնացել են միայնակ։ Հրամանատարն իրենց նահանջի հրաման է տված եղել, բայց մեկ այլ հրամանատար ասել է՝ ոչ մի նահանջ, առաջ գնացեք, կյանքի գնով այդ դիրքը պետք է վերցնենք։ Բայց դիրքն արդեն հանձնած են եղել, այն եղել է թշնամու վերահսկողության ներքո։ Տղաները զոհվել են, ողջ մնացածներից մեկը կորցրել է տեսողությունը, կային նաև վիրավորներ»։ Հոկտեմբերի 2-ի առավոտյան Սերժն արդեն Հայաստանում է եղել։ Մայրիկը կարողացել է որդուն հրաժեշտ տալ։

Ապրելու ուժի մասին։ «Շատ կապված էինք իրար հետ, ամեն հարցով կիսվում էր ինձ հետ։ Նա ինձ համար ուրիշ աշխարհ էր։ Երկու որդի ունեմ, Սերժիս մասին անցյալով խոսել չեմ ուզում, և երկու դուստր։ Աղջիկներիցս մեկն ամուսնացած է, չորս բալիկ ունի, մեծ տղաս էլ երկու բալիկ ունի, նրանց ես եմ խնամում։ Սերժից հետո ուժ տվողը մեծ որդուս բալիկները դարձան։ Բացի դա, ուժ տվեց այն, որ ես պետք է առողջ լինեմ, ինձ պինդ պահեմ, չկոտրվեմ և ապրեցնեմ իմ որդուն։ Միշտ մտածում եմ, որ մի օր բացելու է տան դուռն ու ներս մտնի։ Որ օրն իրականությունն ընդունեմ, երևի կխելագարվեմ։ Դա այն դեպքում, երբ իրեն տեսել եմ, ճանապարհել, շատ ծնողներ դրա հնարավորությունն էլ չեն ունեցել։ Ես տեսել եմ ու չեմ հավատում, իսկ ի՞նչ անեն այն ծնողները, որոնք չեն տեսել իրենց երեխաներին, ինչպե՞ս հավատան, որ իրենց որդիներն էլ չկան»։

Հ. Գ. - Սերժ Բեգլարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից։ Ծառայության ընթացքում պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։ Հուղարկավորված է Նոր Խարբերդի ընտանեկան գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 147 անգամ
Լրահոս
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի գործընկերներին Տարեկան մինչև 45 հազար նոր աշխատատեղ կստեղծվի. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Իշխանության նահանջը՝ ընտրությունների շեմին. հակաեկեղեցական արշավը հայտնվել է փակուղում. քաղաքագետ Իրանը չի ենթարկվելու խուլիգաններին. Փեզեշքիան Իրանական հրթիռի բեկորները՝ Երուսաղեմում՝ Հայկական վանքի հարևանությամբ գտնվող կայանատեղիում «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին Իրանի դեմ պատերազմը փոփոխելու է ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները․ իրանագետ Մխիթարյանը վնասվածք է ստացել Սա քաղաքական անընդունելի պրակտիկա է, նաև էթիկական լրջագույն խնդիր․ Իրավապաշտպան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններ Տերը օրհի Մայր Աթոռը իր օրինական գահակալով և ամբողջ հոգևորականաց դասով․ Տեր Սարգիս Ռուբենը մեր ժամանակների ամենաուժեղ հայն է․ Մեսրոպ Առաքելյան Ադրբեջանի հետ խաղաղությունը պետք է հիմնված լինի անվտանգության վրա․ Քոչարյան ԵՄ արտգործնախարարները հրաժարվել են ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվն ավելացել է 3 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով 3 վիրավորներից մեկն անչափահաս է TRIPP-ի ճակատագիրը ուղղակիորեն կախված է այն հանգամանքից, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում այսօր Իրանի շուրջ. Արմեն Հովասափյան Մեկ անձ, մեկ քույր, միլիոնավոր դրամներ. 76 միլիոն դրամ՝ Ժաննա Անդրեասյանի քրոջ տնօրինած ՍՊԸ-ին Լուսանկարներ «Հայաստան» դաշինքի հանդիսավոր արարողությունը Մենք վճռական ենք, մեր նպատակը հաղթանակն է․ Քոչարյան Մենք վստահ ենք, որ առաջարկվող տնտեսական լուծումները կապահովեն մեր տնտեսության թռիչքաձև աճը ու մեր հայրենակիցների բարեկեցիկ կյանքը․ Արթուր Խաչատրյան Ով է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Խորխոռունու սպանության գործով Սամվել Բաբայանի թիկնազորի նախկին պետն ազատության մեջ է Վահե Հակոբյանը դատի է տվել Արմեն Խաչատրյանին․ինչ է պահանջում Այս պայքարում ձախողվելու իրավունք չունենք․ Սևակ Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am