Թրամփը հայտարարել է, թե Զելենսկին չի կարդացել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ իր առաջարկած ծրագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չի կարդացել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի ավարտի վերաբերյալ վերջին առաջարկը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից, Թրամփն այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում։ «Ստիպված եմ ասել, որ մի փոքր հիասթափված եմ, որ նախագահ Զելենսկին դեռ չի կարդացել առաջարկը»,- ասել է ԱՄՆ նախագահը։Նա նաև նշել է, որ Ուկրաինայի պատվիրակության անդամները, որոնք Ֆլորիդայում բանակցություններ են վարել ԱՄՆ պաշտոնյաների հետ, հավանել են ծրագիրը։
Թրամփը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը համաձայն է առաջարկվող պլանի հետ, սակայն կասկած է հայտնել, թե Ուկրաինայի նախագահը դրան համաձայն է։ Զելենսկին նախկինում դեմ էր արտահայտվել պլանում տեղ գտած առաջարկներին, որ Ուկրաինան պետք է տարածքներ հանձնի Ռուսաստանին և սահմանափակի իր պաշտպանական կարողությունները։
