Արշակ սրբազանին վերաբերող ճեպազրույցում անզգույշ մի արտահայտություն եմ արել․ փաստաբան
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երկօրյա անդադար աշխատանքից հետո վերջապես մի քիչ հանգստանալու ժամանակ գտա և հասցրեցի Արշակ սրբազանի երկօրյա իրադարձությունների վերաբերյալ հրապարակումներին ծանոթանալ։
Բավականին ծավալուն ճեպազրույցներ ու հարցազրույց եմ ունեցել մամուլի հետ։ Նկատեցի, որ դրանցից մեկում թույլ եմ տվել անզգույշ մի արտահայտություն․ երբ լրագրողը հարցնում է, թե ինչ կասեք Արշակ սրբազանին վերագրվող այն տեսագրության մասին, որտեղ ենթադրաբար ինքը հարվածում է մի քաղաքացու, ասել եմ՝ «ինձ էլ նման հարց տան՝ ես էլ կհարվածեմ»։
Ակնհայտ է, որ ցանկացած մեկին հարցնեն, թե՝ «ինչի՞ ես թմրանյութ տեղադրել որևէ մեկի ուսապարկում» մեծ հավանականությամբ կկորցնի ինքնատիրապետումը։
Ինձ ճանաչողները հրաշալի գիտեն, որ բռնության ցանկացած դրսևորման, անգամ՝ դրա սպառնալիքին դեմ եմ եղել միշտ ու վստահ եմ դեմ կլինեմ նաև հետագայում։
Սակայն հավանական եմ համարում, որ օբյեկտիվ դիտորդի մոտ կարող է այդ հայտարարությունիցս տպավորություն ստեղծվել, թե կողմնակից եմ հարցերը բռունցքներով լուծելուն կամ ընդհանրապես նորմալ եմ վերաբերվում բռնությանը։ Միաժամանակ նկատի ունենալով փաստաբանի կարգավիճակս, և որ այդպիսի անզգույշ հայտարարությունս կարող է ընկալվել նաև փաստաբանի կարգավիճակիս անհարիր՝ անհրաժեշտ եմ համարում հայտնել ափսոսանք, որ չեմ կարողացել խոսքս այնպես կառուցել, որպեսզի բացառվի օբյեկտիվ դիտորդի մոտ վերոգրյալ կարծիքը կազմելու հնարավորությունը։
Հ․Գ․ Թե մասնագիտական, և թե համամարդկային վարքագծի կանոններում առանցքային կարևորություն ունի ոչ միայն այդ վարքականոն չխախտելը, այլև հնարավորություն չտալը, որ ստեղծվի այնպիսի տպավորություն, թե խախտվել է վարքագծի կանոնը»,- գրել է նա։
