ՍԿԱՆԴԱԼ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. օպերբաժնի պետը խմբակային մարդ է ծեծել
168.am-ի տեղեկություններով՝ երեկ արտառոց, սկանդալային դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ), որը ծածկադմփոց է արվել Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) կողմից:
Մեզ պատմեցին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետ Կարեն Գրիգորյանը իր աշխատասենյակում բաժնի օպերատիվ ծառայողների (անուններն այս պահին չենք հրապարակում.- Ա.Վ.) հետ ծեծի են ենթարկել ռեժիմի աշխատակիցներից մեկին (անունը հասկանալի պատճառներով առայժմ չենք հրապարակում.- Ա.Վ.)՝ ծեծն ուղեկցելով այլանդակ հայհոյանքներով:
Մեր տեղեկություններով՝ սա ամենևին առաջին դեպքը չէ. այդ անձինք մշտապես հայհոյում, վիրավորում ու ծեծի են ենթարկում ՔԿ հիմնարկի աշխատակիցներին, և նրանցից շատերն աշխատանքից ազատվել են հենց այդ պատճառով:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի «գողականններին» թևեր, մեր աղբյուրի փոխանցմամբ, տալիս են ՔԿԾ վերնախավից: Մեծ ցանկության դեպքում ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը կարող է պարզել՝ ով է ՔԿԾ այն բարձրաստիճան պաշտոնյան, ում հովանավորությամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տիրում են ստրկատիրական բարքեր, տերն ու ծառայի հոգեբանություն ու տերթոդիկյան վարք:
Հետաքրքիր է՝ իսկ ՔԿԾ օպերատիվ վարչության պետը, օպերատիվ աշխատանքները համակարգող ՔԿԾ պետի տեղակալ Սահակ Գրիգորյանը տեղյակ չե՞ն այս իրավիճակից, չգիտե՞ն՝ ինչ է տեղի ունենում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, թե՞ գիտեն, բայց աչք են փակում:
Ուշագրավ է, որ միլիոններ ծախսեցին, ՔԿԾ-ում օպերատիվ կառավարման կենտրոն բացեցին, բայց նման դեպքերը կոծկվում են:
Մեր տեղեկություններով, սակայն, այդ կենտրոնում մարդ էլ չկա. բոլոր աշխատակիցները կա՛մ գործուղվել են «Արմավիր» ՔԿՀ, կա՛մ աշխատանքից ազատվել են, և հիմա օպերատիվ կառավարման կենտրոնում ընդամենը 1-2 աշխատակից կա, ովքեր օրը 24 ժամ պետք է հետևեն քրեակատարողական բոլոր հիմնարկներում տեղի ունեցողին:
Ի դեպ, հատկանշական է, որ ՔԿԾ պետի տեղակալ Սահակ Գրիգորյանը հույս ունի Նոր տարուց հետո դառնալ ՔԿԾ պետ, իսկ եթե այդ ժամկետում չհաջողվի, գոնե՝ ընտրություններից հետո:
168.am-ը հետևողական կլինի ՔԿՀ քրեական ենթամշակույթի բարքերով առաջնորդվող աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Առաջիկայում նոր մանրամասներ կներկայացնենք:
Արմինե Վարդանյան
