Ծանր է Խորենացու մեդալը

Մայրս ինձ ծնեց, հետո ես ծնեցի իրեն՝ հիշողությամբ, գրեթե ամեն օր: Ես քաղաքում էի ապրում, ինքը՝ գյուղում: Գնում էր մեր տան երկաթյա դարպասի առաջ, ճամփեզրին, քարի վրա նստում ու անց ու դարձողից աշխարհի նորություններից իմանում, հատկապես հեռուստատեսությամբ ամեն օր ցուցադրվող բրազիլական սերիալի վերջին իրադարձություններից: Սերիալը գյուղովի էին նայում. համերգ չկար, թատրոն չկար, կինո չկար… եղած-չեղածը տելեվիզրի մեջ էր: Գյուղում մեր սեւ ու սպիտակ հեռուստացույցի անտենան չէր բռնում: Մորս անտենան բռնում էր ամենուրեք, աջ ու ձախ՝ եկող-գնացողներից: -Ախչի,- կառչում էր պատահած փեշից,- էն եղատար Գավիոտան ի՞նչ էլավ…, - ու անհամբեր, ականջները լայն բացած՝ կլանում Գավիոտայի տառապալից կյանքի սիրո պատմությունը՝ հանգրվան առ հանգրվան…, որ հետո էդ նույն պատմությունը միեւնույն դրամատիզմով, դեռ ավելին՝ ձեռքով, ոտքով ու դեմքի անվարժ միմիկայով պատմեր իրեն հարեւան ախպոր կնոջը՝ Ռիմային, ով խուլ էր, ու թեեւ արբանյակային անտենայով հեռուստացույց ունեին, բայց իրեն հարիր պատմող չուներ: Էդպես ամեն օր, մինչեւ սերիալի վերջը, մինչեւ մոմի պես հալվող օրերի ավարտը: Օրեր էին՝ գիշերը լուսինն էր գլորվում, ցերեկը՝ արեւը: Որ շատ նստում էր ու շատ էլ սպասում, մի անցորդ էլ իրեն էր հարցնում: -Անիկ տոտա,- ասում էր,- սաղ օրը սառը քարին նստած՝ էդ ո՞ւմ ես սպասում… -Ի՜, - նեղսրտում էր,- քար ընգնի իմ շաշ գլխին… Մոլլա Նասրեդինի օրն եմ ընգել…,-չորացած ձեռքերը ծնկներին շփելով՝ պատմում էր մերս։- Էդ գլխամեռը առվի ափին նստած ա ըլնում՝ մի օր, էրկու օր, իրեք օր… Որ շատ նստում ա ու տեղից ժաժ չի գալիս, գալիս հարցնում են՝ Խոջա Նասրեդին, սաղ օրը նստած՝ ընչի՞ ես սպասում… Ասում ա՝ սպասում եմ ջուրն անցնի, որ եդնա ես անցնեմ… Հմի ես էլ իմ փայ ջրի անցնելուն եմ սպասում… Օրերը երկար էին ու տարտամ. որ էդ անտեր կինոն էլ չլիներ՝ մի պտղունցն ի՞նչ ա, կյանքի մեջ մի պտղունց հետաքրքրություն չկար: Արեւ-լուսին, լուսին-արեւ, մութ ու ցերեկ իրար թեւանցուկ՝ անցնում էին առջեւով ու տխուր մրմուռից բացի, գոնե սրտի կարոտ մի բարով չէին բերում… Մորս ջրերը վաղուց անցել են: Տասը տարի է՝ անմեր կյանք եմ անում: Սպասում եմ, որ հիմա էլ իմ առաջը կտրող ջուրն անցնի, որ ես անցնեմ: Ժամանակը չի սպասում: Ժամանակին ջուրը ես էի, որ հորդում էի սելավի պես: Փողոցով քայլում էի հանգիստ, անշտապ, անճիգ. մեկ էլ տեսնում էի՝ բոլորից առաջ եմ ընկել: Հիմա էլ եմ քայլում, սովորականի պես, բայց զարմանքով նկատում եմ, որ բոլորն իմ առաջն են ընկել: Ոտքերիս ուժ եմ տալիս, քայլերս արագացնում, միեւնույն է՝ մարդիկ իրենց հավեսին քայլում են ու էլի առաջ ընկնում: Դանդաղ, հանդարտ քայլքով կյանքս է անցնում: Որքան էլ ոտքերիս ուժ տամ, ժամանակի ետեւից չեմ հասնի: Չէ՜, չէ, ես մահից չեմ վախենում: Իմ թայերը վաղուց են մահացել: Պարզապես, արածս մի բան չէ: Ես հո գիտեմ, որ արածս չարածից քիչ է: Իսկ ժամանակին՝ կատուն ճոն էր: Ճիշտ է՝ գլխիս գդակ ունեի, մարմինս էլ առողջ էր, ուժեղ, բայց միտքս հետ էր մնում ֆիզիկականից. ուշահաս էի ու դանդաղամիտ: Այնպես որ, երբ առաջին պատմվածքս «Գարուն»-ի էջում ծեփեցի, կլինեի երեսուն տարեկան: Էն ժամանակ հայ գրականության նորահայտ աստղը Մերուժան Տեր-Գուլանյանն էր: Աստղեր կային, որ հանգչում էին ու գիսաստղի պես գահավիժում: Մերուժանի աստղը փայլատակում էր, ահագնանում միջօրեի արեգակի պես: «Արարատյան երկիր» էսսեն նոր էր տպագրել: Ես չգիտեի, թե էսսեն ինչ է, բայց լավ իրազեկ էի, թե գրական շրջանակներում ինչ էին խոսում նրա մասին: «Ազատություն» ռադիոկայանն օրնիբուն հատվածներ էր կարդում «Արարատյան երկրից» եւ, ի լուր աշխարհի՝ Մերուժանի հասցեին գովեստներ սփռում: Մերուժան Հակոբյան կուսական անունով երիտասարդ գրողն ու հրապարակախոսն իր համար նոր անուն էր կերտել՝ Մերուժան Տեր-Գուլանյան: Էդպես է կյանքում՝ սկզբում դու ես անուն ստեղծում ու անունդ պահում, որ հետո անունդ քեզ պահի: Տերն էկել էր՝ Մերուժանին տարել, իսկ մենք անտեր թափառում էինք «Գարուն»-ի միջանցքներում: Բոլորն էին, ի դեպ, ձգտում, որ նրա շուքի տակ մի բաժակ սուրճ խմեն: Էդ օրն էլ նրա սենյակը բազմամարդ էր. Հակոբ Մովսեսն էր, Հրաչյա Սարուխանը, Հրաչյա Բեյլերյանը, Հրաչյա Թամրազյանը (էն ժամանակ բանաստեղծները հիմնականում «Հրաչ»-ով էին սկսում), կողքից էլ՝ պադոշ արած ես ու մի կապուտաչյա, երկարավիզ ու երկարոտն շիկահեր աղջիկ, որ, չգիտես ինչու, ոտը ոտին գցած՝ թամբել էր Մերուժանի սեղանին ու ոչ մի կերպ չէր ուզում վար իջնել: Մի ձեռքի երկար մատների արանքում սիգարետ ուներ պահած, իսկ մյուսի ցուցամատով մերթ ընդ մերթ նրբագույն հարվածներ էր տեղում Մերուժանի հասուն քթին, կարմիր այտերին, խխունջաձեւ ականջներին՝ ամեն կերպ փորձելով ուշադրությունը գեղարվեստից իր կողմը թեքել: Մերուժանը համբերությամբ դիմադրում էր, մերթընդմերթ էլ՝ դեմքը դժկամորեն ծռում: Զգացվում էր, որ գեղջկական ամոթխածությունը տակավին չէր լքել շիկնած այտերը: Աղջիկը սիրով շարունակում էր բռնած գործը: Մերուժանի համբերությունն ի վերջո սպառվեց: -Դու ո՞վ ես,- ասաց: Աղջկա աչքերը զարմանքից չռվեցին: -Меружан, ты меня не узнаешь?... Մերուժանը գլուխն անվարան տարուբերեց: -Xopoшо посмотри, Меружан, ты меня не узнаешь?… Թեեւ Մերուժանի այտերի վարդագույնն ավելացել էր, բայց նա մնում էր նույն անդրդվելին: -Нет,- ասաց կտրուկ։ -Я же не изменилась. Посмотри хорошенько, не узнаешь?…,- աղջիկը համառորեն իր սպիտակ դեմքն էր ցուցանում: -Неет, էլի, нееет…,- բացականչեց Մերուժանը՝ այլեւս բորբոքված: Շիկահերն այլայլվեց: Լացակումած աչքերից կայծեր էին թռչում: Եվ բոլորիս համար միանգամայն անսպասելի՝ ջղաձգվող դողդոջուն բերանից դուրս ժայթքեց. -Դու ինձ կունել ես, Մեռուժան, դու ինձ կունել ես… Դա էր իրականությունը: Մեծ գրողն ապրում էր մեծ սեքսով, իսկ ես նոր-նոր «Գարուն»-ի պատուհանից ուզում էի նոր աշխարհ տեսնել: Ի դեպ, այն ժամանակ, երբ «Գարուն»-ից ես նայում էի, դրսում աշուն էր, 1980 թվականը, դիմացը՝ ներկայիս «Առագաստ» սրճարանը: Խմբագրությունը գտնվում էր նախկին Մյասնիկյանի շրջանի ռայկոմի շենքի երրորդ հարկում: Որքա՜ն ջրեր հոսեցին այդ օրերից, որ պիտի հոսեին… Օր չկա, որ մորս չհիշեմ: Դախլիս առաջ նստած՝ սպասում եմ. «Անց են կենում սեր ու խնդում, գեղեցկություն, գանձ ու գահ»… Կյանքն էլ մի սերիալ է, որ վերջ չունի: Ծնկանս ծերին իմ բաժին սերիան եմ գրում: Ա՜խ, Գավիոտան… մորս կյանքը, զբաղմունքը, սերը, ցավը, հույսը, հավատամքն ու տառապանքը… -Մատնի՜ք, ուլո՜ւնք, մարջա՜ն, ապարանջա՜ն…,-կափկափում է ցուրտը ձմռան… Դողէրոցքով առեւտուր եմ անում. -Մատնի՜ք, ուլո՜ւնք, մարջա՜ն, ապարանջա՜ն… «Մերս էլ չկա, որ ասի՝ վա՜խ, Լյովիկ ջան…»: Գլորվում են օրերն աղի, դառը, լեղի, մղկտալի, ու թե մի բանի էլ հասնում ես, մշուշվում է հորիզոնն ապագայի, կոտրվում ուրախության դուռը՝ հարամելով վայելքներն անձնական եւ ամենայն անանձնական… Վերնիսաժում նստած՝ սպասում եմ: Սպասում եմ գնորդի կամ, որ էլ ավելի կարեւոր է՝ լավ խաբարի: Թող առաջինը քար գցի վրաս նա, ով չի ապրում բարի լուրի հավատով: Իմ սպասումը բոլորից է: Անխտիր: Վատ մարդ չկա։ Ամեն ինչ հարաբերական է: Լեւոն Ներսիսյանն ասում էր. «Տվեք ինձ մի ողորմելի, թշվառական մարդու անուն, եւ ես նրա մասին լավ բաներ կպատմեմ»: Իմ մերն ինձ բերել է, որ ես բոլորի մասին լավ բաներ պատմեմ: Նույնիսկ իմ մասին: Սիրտս լավ խոսքի կարոտ է: Մերս ասում էր. «Մի դատարկ խոսքն ի՞նչ ա՝ ասա, քու մերը քաղցր խոսքի կարոտ ա…»: Բաղձանքի համար ես հայացքս երկնքին չեմ հառում: Երկնքում երկինքն է, իսկ խոսքը երկրում է: Երկրից էլ եկավ ձայնը. -Մշակույթի նախարարությունից Արմեն Սարգսյանն է,- հեռախոսից զնգում էր երիտասարդ ձայնը,- պարոն Ջավախյան, Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 11-ին Դուք հրավիրված եք հանրապետության նախագահի նստավայր: Գնայի, ի՞նչ անեի… Անսպասելի էր հրավերը: Կարեւորն իմ համար հոգեկան անդորրի պահպանությունն էր. ոչ մի դեպքում մտքովս չէր անցնում ֆռֆռալ վերին էշելոններում: Ի՞նչ անեի՝ գնայի ներկայությունովս նախագահականը զարդարեի՞… Էդ գործին վարպետ այնքան վարպետ մտավորականներ կային… Երիտասարդը զգաց վարանելս. -Պարոն Ջավախյան,- ասաց,- խնդրում եմ անպայման ներկա լինել. նման դեպքերում սովորաբար հաճելի անակնկալներ են լինում: Ասենք՝ լոռեցի եմ, բայց հո Թումանյանի անխելք մա՞րդը չէի… Խեր-խաբարից ո՞վ է ետ մնացել, որ ես ետ մնայի: Վերկացա՝ կոստյումով, սպիտակ վերնաշապիկով, նոր հագած կոշիկներով, հույսով-հավատով՝ քայլեցի դեպի նախագահական: Նախագահի նստավայրը վրաս ճնշող տպավորություն թողեց: Ճիշտ է, արտաքինից հայկական ճարտարապետության ավանդույթներով կառուցված փառահեղ շենք էր, բայց ներքուստ ինտերիերն անշուք էր ու ժամանակի ոգուն անհամապատասխան: Շահագործման օրից շենքն ասես նորոգված չլիներ. պետական վիճակ: Որ մի օլիգարխի օբյեկտ լիներ, հո էդպես չէ՞ր լինի… Հիմա ուտել-խմելու պալատներ կան, ուր հատակին յուղ թափես՝ նույնությամբ կհավաքես: Էստեղ ո՛չ յուղ կար, ո՛չ էլ յուղատեր: Փառահեղ տաճարներն ու թագավորական ոսկեզօծ պալատները սովորաբար վեհություն են հաղորդում պետությանը՝ առաջացնելով այցելուների խոնարհումը: Էստեղ խոնարհումը լոկ սպասում էր, որն ավելի շատ ստորացում էր, քան խոնարհում: Մոտ երկու հարյուր մարդով, երկու ժամ նստած՝ սպասում էինք նախագահի գալուն: Աթոռին նստած՝ մե՛կ քրտինք էր տալիս երեսիս, մ՛եկ՝ պաղություն… Հուզմունքից տաք ու հով էի լինում՝ սիրտս մե՛կ հուժկու խփում էր, մե՛կ էլ թույլ մարում: Ուշագնացության սովորույթ ունեի: Աստված-Աստված էի կանչում, որ ուղեղս չմթագներ՝ խայտառակ չլինեի: Էդպես միսս ատամովս բռնած՝ սպասում էի: Խոջա Նասրեդինը կասեր՝ սպասում էի ջրի անցնելուն… Մինչեւ նախագահի երեւալը մեղքս հա՛մ մեր վրա էր գալիս, հա՛մ էլ նախագահականի խեղճության վրա: Նախագահի գալուց հետո մեղքս միայն եւ միայն նախագահի վրա էր գալիս: Շուրջ երկու հարյուր մարդ էր սպասում պարգեւի: Դե արի ու նրանց կրծքին մեկիկ-մեկիկ մեդալ ու շքանշան կպցրու: Խոնարհ ծառայի նման նախագահը ենթարկվում էր արարողակարգին: Պատվո շեփորների արծաթահունչ հնչյունների ներքո ջրի նման հոսում էին մեդալները, շքանշանները, գեներալական աստղերն ու վաստակավորի կոչումները… Շնորհվում էին արժեցող-չարժեցողի: Նախագահը խոնարհ սպասարկու էր: Երկու հարյուր մարդ, երկու հարյուրն էլ՝ փառք ու պատվի ծարավ… Համբերատար պատիվներ էր բաշխում: Ասա՝ բա դու ուրիշ բանուգործ չունե՞ս… Հերթը հասավ ինձ։ -Գրականության բնագավառում ներդրած ավանդի համար գրող, արձակագիր Լեւոն Ռուբենի Ջավախյանը պարգեւատրվում է Մովսես Խորենացի մեդալով: Հնչում են պատվո փողերը: Ո՜վ է, քրտինքը ճակատիցս սրբեցի: Պարզվում է՝ սրանից էլ պրծում կա: Նախագահը կրծքիս հակված՝ իր սուրբ պարտականությունն էր կատարում: Երբ մեդալն արդեն կրծքիս էր, իսկ դիպլոմը ձեռքիս, հարցրեց ամենայն լրջությամբ. -Լեւոն, ո՞նց ես յոլա գնում… Ասի. -Ես ապրելու ձեւը գտել եմ… Անչար ծիծաղեցինք: Ի՞նչ իմանայի, որ դա կբորբոքեր շատերի չարությունը… Այդ ես՝ ես էի ապրելու ձեւը գտել, իսկ նրանց թվում էր, թե քծնելու, շողոքորթելու, ստորանալու, ծախվելու ձեւն էի գտել: Իմ բախտն իմ հետ էր. չեղավ ուրախություն, որ հետո տխրություն չդառնար: Է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն՝ ի՞նչ անուն ասես, որ սեւ մեդալի պես վրաս չկպցրին: Ֆեյսբուքում Ռուբեն Ադամյանը գրում էր. «Ճի՞շտ ես համարում երկիրը քարուքանդ անողի ձեռքից պարգեւ ընդունելը… Դու արժեզրկում ես բոլոր գրածներդ…»։ Սվետա Հովհաննիսյանը․ «Վայ, էս ի՞նչ եմ իմացել, չլինի՞ ՀՀԿ ա մտել…»: Աննա Հակոբյանը. «Պա՛հ, պա՛հ, պա՛հ… Բա մի պահ օպոզիցիա էր…»: Իսկ մի անհայտ ֆեյք էլ ոչ ավել, ոչ պակաս՝ գրել էր. «Ես էլ հենց գիտեի՝ կարգին մարդ ես… Ես քո պադխալիմ բերանը ք․․․մ…»: Մեղա քեզ, մեղա, բազմամեղա… Կային եւ տակտով օգտատերեր: Մի կին գրել էր. «Ես Ձեզ առանց մեդալի եմ սիրում…»: Բարեհամբույր խոստովանություն էր, նրան ի՞նչ ասեի… Իմ կինն էլ ինձ առանց նշանի մատանի էր սիրում, բայց հենց ամուսնացանք՝ նշանի մատանին խրեց մատնեմատս: Օ՛ֆ-օֆ, կրծքիս ծանր նստեց Մովսես Խորենացու մեդալը: Ո՞վ եմ ես, եւ ո՞վ են նրանք…Ինչո՞ւ են ոմանք ուզում, որ ես ապրեմ այնպես, ինչպես իրենք են ուզում… Գնամ՝ թեկուզեւ մեռնեմ իրենց քմահաճույքին, հո ես լավ գիտեմ, որ վերջին ճամփիս անգամ ինձ այցի չեն գալու… Ո՞վ են նրանք, եւ ո՞վ եմ ես… Նրանց, ասենք, հասկացա, բայց, ի վերջո, ո՞վ եմ ես, ես՝ մա՞րդ, գրո՞ղ, թե՞ հասարակական կենդանի… Թ՞ե ես խորթ զավակն եմ, ես փայ չունեմ էս երկրից: Իմը Վերնիսաժն է, որ մի օր գլխիս անձրեւ գա, մի օր՝ ձյուն, մի օր՝ կարկուտ… մի օր ցուրտը քթիս սառույց կապի, մի օր էլ արեւը գլխիս հուր թափի, մի օր չոր հաց ուտեմ, մի օր էլ՝ Աստծո կրակ, ու դեռ էդ ամենը հարամ լինի… Ո՛չ, ես ծախվող չեմ, որքան էլ ինձ համար նվիրական է Մովսես Խորենացին: Ես ծախող եմ: Ընդ որում՝ ես այն երեսուն արծաթն եմ ծախում, որով Հուդան իր հոգին ծախեց: Ծախում եմ, որ հոգիս պահեմ: Դառնություն կա մարդկանց մեջ, դառնություն ու անտանելի ատելություն: «Տեր Աստված, եթե ես սիրտ ունենայի, կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա եւ կսպասեի մինչեւ դուրս գա արեւը»,- գրում էր Գաբրիել Գարսիա Մարկեսը մահվանից առաջ: Ես էլ եմ սպասում: Խոջա Նասրեդինի ջրերը վաղուց են հոսել: Ես արեգակի դուրս գալուն եմ սպասում: Իմ ջրերը դեռ կհոսեն: Պատուհանից դուրս նայեք, մարդիկ, տեսե՜ք՝ փաթիլ-փաթիլ Նոր տարին է գալիս: Ա՜խ, եթե միայն Մարդու պարգեւը գար այնպես, ինչպես ձյունն է գալիս… Նոր տարի է գալիս, Մարդ Աստծո… Ձեր մեջ ատելություն կա, շատ ու շատ դառնություն… Թքեք, դուրս նետեք դառնությունը՝ թեկուզեւ իմ վրա… միայն թե ազատվեք… միայն թե ազատվեք այդ չարաբաստիկ կերակուրից: Լեւոն ՋԱՎԱԽՅԱՆ

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին նոր անցակետ են բացել Ամիրյան փողոցում պառկած Գասպարիին ոստիկանները բերման ենթարկեցին Կարապետյանը ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, անանցյա՛լ երիտասարդ․ Ալեքսանյանը՝ Չախոյանին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն՝ Մադրիդի Ալմուդենա տաճարի հայկական խաչքարի մոտ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում. Բաղայի Չպետք է լինի ազգային նվաստացում, պետք է լինի արժանապատիվ կյանք. Քոչարյան Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Անժելա Սարաֆյան. Մեր փրկված նախնիների շնորհիվ մենք կարող ենք ապրել այսօր և արարել այս աշխարհում Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անցկացնել Ադրբեջանում Սուրեն Պապիկյանը չի երկարացրել Կանդազի որդու պայմանագիրը Իսրայելական հարվածների հետևանքով ուրբաթ օրը Լիբանանում 6 մարդ է զոհվել Նիկոլ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում». Մեսրոպ Մանուկյան Մոնտեվիդեոն աջակցում է Հայաստանի հզորացմանը. Ուրուգվայի ԱԳ նախարար ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Թուրքիային կոչ ենք անում առերեսվել անցյալի ճշմարտության հետ և քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ Արսեն Հարությունյանը հաղթել է 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն Վլադիմիր Եգորովին 11: 0 հաշվով Արա՛ այս սրիկանե՛ր, դուք ո՞նց եք նման բան ասում․ Աշոտ Անդրեասյան (video) ՇՏԱՊ․ Սարսափելի է․ Կարմիր խաչի օգնությունը պատերազմի դաշտ տանելու փոխարեն թափել են (video) «Արա՛, ո՞նց չասեմ՝ քո արածը շանտղություն է»․ Աշոտ Անդրեասյան (video) «Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն ու «Toyota»-ն. կան վիրավորներ «Փողերի հարց կա՞»․ ինչու՞ Աննան գնաց ու հետ եկավ․ Ռոբերտ Մարգարյան (video) Զոհվածի մոր հուզիչ խոսքը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը (video) Թեհրանից առաջին ուղևորատար չվերթներն ուղևորվել են դեպի Մասկատ, Ստամբուլ և Մեդինա «Աննա՛, Ծիծեռնակաբերդում ինչու՞ էիր մենակ.ի՞նչ սև գործ են պլանավորում Նիկոլն ու Աննան». Տեր-Մկրտչյան (video) «Ապիկար Փաշինյանի բարբաջած ստերի դիմացը ո՞նց առնենք»․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am