Ակցիաների տեղերը փոխելիս հանրագումարային բովանդակությունը չի փոխվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած կիրակի էլ բոլորը տեսան, որ Նիկոլ Փաշինյանի հերթական ակցիան՝ կեղծ «պատարագը» զավթված Հովհաննավանքում, մատնվեց հերթական անհաջողության: Արտաքուստ այն տպավորությունն էր, որ այս անգամ նույնիսկ ավելի քիչ մարդ էր եկել («բերման ենթարկվել») Փաշինյանի ու ՔՊ-ի միջոցառմանը, քան նույնիսկ հոկտեմբերի 26-ին:

Սխալ կլինի ասել, որ քպական իշխանությունը վարչական լծակներ ու ռեսուրսներ չէր կիրառել, որպեսզի Հովհաննավանքում քաղաքացի Ստեփան Ասատրյանի քաղաքական քարոզչությանը հնարավորինս շատ ներկաներ լինեն: Բայց ստացվել էր ավելի սակավամարդ պատկեր, քան նույնիսկ նախորդ անգամ: «Գվարդիայի» վերանվանված ոստիկանական ստորաբաժանման բազմաթիվ ծառայողների ներկայությունն էլ ոչ թե բազմամարդության էֆեկտ էր տալիս, այլ հակառակը՝ ընդգծում էր տվյալ քաղաքական, նեղ-կուսակցական խառնահավաքի շինծու պատկերը: Հարկավ, Հովհաննավանք գնացել էին նաև որոշակի քպականներ, բայց դա էլ, եթե կարելի է այդպես ասել, «շողոքորթային» ներկայություն էր: Այսինքն, այդ անձինք անցած կիրակի այնտեղ հայտնվել էին միակ պատճառով՝ «մտնել շեֆի աչքը»:

Բայց ոչինչ, կարծես, չի օգնում, և Նիկոլ Փաշինյանն էլ հրաշալի տեսավ, ավելին՝ մեկ անգամ ևս համոզվեց, որ չունի հանրային աջակցություն: Ընդհանրապես չունի: Ու վաղը, երբ ոստիկանությունն ու իշխանական ճնշման լծակները չլինեն, խիստ կասկածելի է, որ Հովհաննավանքի մոտ եկածների նույնիսկ կեսի կեսը մնա իր կողքին:

Բայց դա տեսնելով ու գիտակցելով հանդերձ, ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը:

Նա ավելի սրամիտ բան չի կարող մտածել, քան... նույն գործելակերպը շարունակելն է: Հիմա էլ որոշել է Թալինում «միջոցառում» անել: Դրա պատճառն էլ պարզ է. Թալինում համայնքապետը մոլեռանդ «նիկոլական» է: Թե թալինյան հավաքին ինչ պատկեր կարձանագրվի, կանխատեսելի է: Բայց թույլ տանք մեզ նկատել, որ ակցիաների տեղերը փոխելիս հանրագումարային բովանդակությունը չի փոխվում:

Իսկ բովանդակությունը տվյալ պարագայում սին է: Փաշինյանը, դիրքավորվելով որպես իրականության զգացողությունը կորցրած, բայց իրավապահ ու ռեպրեսիվ մարմիններին ցանկացած անօրինական հրահանգ տալու ունակ ղեկավար, ըստ էության, նպատակադրվել է ոչնչացնել Հայ առաքելական եկեղեցին՝ որպես ազգային-հոգևոր կառույց: Դա ծրագիր «մաքսիմումն» է, որը համապատասխանում է նաև ադրբեջանական կողմի պահանջներին:

Ծրագիր «մինիմումը», պետք է ենթադրել, այն է, որ Փաշինյանը փորձում է ձևավորել գոնե «այլընտրանքային ՀԱԵ», այսինքն՝ ստանալ իբր կրկնօրինակ «կառույց» և դրանով հակադրվել Մայր Աթոռին ու ՀԱԵ-ին: Դե, ինչպես 90-ականներին կասեին, «կոոպերատիվ եկեղեցի»:

Համարձակվենք ենթադրել, որ դրանից միայն դատարկ աղմուկ է դուրս գալու և ուրիշ ոչինչ: Մեծ հաշվով, թե՛ նախորդ, թե՛ վերջին, ու վստահ ենք՝ նաև առաջիկա քպական կիրակնօրյա հավաքները ընդամենը վերստին հաստատելու են, որ Փաշինյանը չունի հանրային աջակցություն, իսկ, որ ավելի կարևոր է, մեր հանրությունն իր մեծամասնության մեջ առողջ է: Ճիշտ է, հանրությունը հիմնականում լուռ դիմադրություն է դրսևորում, բայց դա էլ իր պատճառներն ունի:

Մյուս կողմից՝ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի շնորհիվ, թող տարօրինակ չհնչի, նախ՝ հենց Եկեղեցու ներսում բացահայտվում են քպական «գործակալները»: Չենք կասկածում, որ մեր հոգևոր հայրերն անկեղծորեն ցավ են ապրում նման «հիվանդ ոչխարներ» ունենալու համար, և նույնիսկ նրանց չէին կամի տալ առողջ «գայլի» երախը: Սակայն կյանքն ու փորձություններն իրենց շտկումներն են բերում:

Մյուս հատկանշական պարագան այն է, որ ինչ Փաշինյանն ավելի մոլեգին է սկսել հակաեկեղեցական քայլեր անել, այնքան ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսել հաճախել ամենատարբեր եկեղեցիներ, մանավանդ՝ կիրակնօրյա պատարագների: Հասկանալի է, որ քպական իշխանությունն ու այն գլխավորող Նիկոլ Փաշինյանը նմանապես դա տեսնում են, դրանից ավելի են հերսոտում և էլ ավելի անընդունելի, «կարմիր գծեր» ջնջող քայլերի են դիմում:

Ասվածի պարզ վկայությունն այն է, որ նոյեմբերի 2-ի հետմիջօրեին ՔՊ-ի սատելիտներից մեկի ներկայացուցչի «մատնագրով» փաշինյանական ոստիկանությունը թիրախավորեց Ամենայն հայոց կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն, թե նրանք, իբր, խոչընդոտել են Փաշինյանի սատելիտի... նախընտրական քարոզչությանը:

Քավ լիցի, համացանցում արագորեն տարածվեց «մեղսագրվող» արարքի տեսանյութը, որտեղ, բնականաբար, հանցավոր ոչ մի բան, առավել ևս՝ քարոզչության խոչընդոտում չկար: Դա, իհարկե, խղճի և օրինականության հետ ակնհայտորեն խնդիր ունեցող իրավապահներին չխանգարեց, որ նախ՝ ձերբակալեն Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն, ապա հանդես գան կալանքի միջնորդությամբ:

Իմաստ ունի՞ բացատրել կամ մեկնաբանել, որ Փաշինյանի այս քայլը նպատակ ունի հոգեբանորեն ճնշել, տեռորի ենթարկել Ամենայն հայոց կաթողիկոսին: Փաշինյանն արդեն պատանդ է պահում ՀԱԵ երեք սրբազանների, հոգևոր հայրերի, իսկ հիմա էլ իր ռեպրեսիվ օրգանների միջոցով Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն է պատանդառել:

Բայց, դե, նորություն էլ չկա. վաղուց ենք համոզվել, որ Փաշինյանից ու նրա քպական իշխանությունից ինչ ասես՝ սպասելի է: Նրանք չունեն «կարմիր գծեր», չունեն սրբություններ, բացի իշխանությունը: Նախորդ տարիներին դա բազմիցս դրսևորվել ու ապացուցվել է:

Բայց կա մի... «բայց»:

Մայր Աթոռը, Մայր տաճարն ու Վեհարանը, Հայ առաքելական եկեղեցին, ընդհանրապես, տարբեր տարիների, տարբեր դարերում շատ արշավանքներ ու հարձակումներ են տեսել, բայց այսօր վերստին հոգևոր կյանքով լի են, կանգուն ու կենսունակ: Արշավողները չկան...

դիտվել է 100 անգամ
Լրահոս
«Էդգար Ղազարյանը ձեզ դեռ քիչ է ասել, դուք ոչ միայն սրիկաներ եք, այլ․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) ԱՄՆ-ն կարող է ոչնչացնել Իրանը, բայց չի ցանկանում դա անել. Թրամփ ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը շարունակում են դիտարկել որպես կազմակերպության դաշնակից․ Մասադիկով Երևանում բախվել են «Kia»-ն և «Tesla»-ն. վերջինն էլ կոտրել է վճարային տերմինալը, մի քանի աղբամաններ ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում Թուրքիայի հնարավոր «քավորությամբ» ձևավորվող այս պատկերը Հայաստանի համար որևէ լավատեսության հիմք չի տալիս Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Ինդոնեզիայի ափերի մոտ 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. զոհվել է առնվազն հինգ մարդ Ադրբեջանցիները մտել են Հայաստան․․․ հասկացե՛ք, սարսափելի աշխատանք են տանում․ Տիգրան Չոբանյան (video) Ղարաբաղից տեղահանվածները կարող են առանց քննության վարորդական վկայական ստանալ Հայաստանում 6 ամսում ընտանիքում բռնության 814 դեպք է գրանցվել Ես ձեզ ասում եմ՝ սրանք սարսափել են այդ հայտարարությունը տեսնելիս․ Բագրատ Սրբազան (video) ՃՏՊ Վայոց ձորի մարզում Գործող ռեժիմը խնդիր է դրել՝ տարբեր միջոցներով լռեցնել նրանց, ովքեր կհիշեցնեն իր հանցագործությունները Վայոց ձորում «Chevrolet Volt»-ը հայտնվել է Արփա գետի ափին. կան վիրավորներ ՌԴ-ից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ութ վագոն հացահատիկ Դանա Ուայթը ստիպված է եղել միջամտել Ծառուկյանի և Ռուֆիի հայացքների մենամարտին Քանաքեռցի Տույի սպանության գործով 4 անձ մեղավոր ճանաչվեց, մեկն արդարացվեց․ «Հրապարակ» Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Քամու հետևանքով վնասները «Ժողովուրդ». ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի ունեցվածքը «Ուժեղ Հայաստան»-ում Էդգար Ղազարյանի հետ լուրջ քննարկում է եղել․ առաջիկա օրերին նա ելույթներ չի ունենա Արմեն Մարկոսյանը նշանակվել է Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է ՔՊ-ն՝ ԱԺ ճաշարանում, «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ սենյակում․ ինչ է կատարվում ԱԺ-ի ընդմիջումների ժամանակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am