Հնդկաստանի 4 քաղաքացիներ վերակենդանացման բաժանմունքում են, նրանց վիճակը կայուն ծանր է
Այսօր գիշերը Երևանի Ազատության պողոտայում Հնդկաստանի 4 քաղաքացիներ վիճաբանությունից հետո տեղափոխվել են Միքայելյան համալսարանական հիվանդանոց:
Քննչական կոմիտեից 24News-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով)։
Կատարվում է նախաքննություն։
Միքայելյան համալսարանական հիվանդանոցի հանրային կապերի բաժնից 24News-ին հայտնեցին, որ Հնդկաստանի 4 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։
«Նրանցից երեքը վնասվածքներ են ունեցել որովայնի շրջանում, մեկը՝ կրծքավանդակի։ 4-ն էլ վիրահատվել են։ Այժմ բոլորն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Վիճակը գնահատվում է կայուն-ծանր», – նշեցին հանրային կապերի բաժնից։
