Նախագահի հայտարարությունն արտացոլում է իրողությունը
2018 թվականի գարունն առանց հայ-թուրքական արձանագրությունների դիմավորելու մասին ՀՀ նախագահի, ապա նաև արտաքին գործերի նախարարի հայտարարությունն արտացոլում է իրողությունը: Այս մասին նշեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Իրողությունն այն է, որ Թուրքիան հրաժարվեց արձանագրությունների իրականացման գործընթացից: Թուրքիան ոչ մի ցանկություն չի հայտնում այդ արձանագրությունները նորից վերակենդանացնելու: Այո, արձանագրությունները մեռած են, դրանք ձևականորեն կան: Միանգամայն տրամաբանական է, որ հաջորդ տարի դրանք չեղյալ հայտարարվեն: Այս տարիների ընթացքում Թուրքիայի քաղաքականությունն այն է, որ փորձել է ճնշում գործադրել Հայաստանի վրա: Հայաստանի առջև նախապայմաններ է դրել` փորձելով միջամտել ղարաբաղյան գործընթացին: Բայց մենք տեսնում ենք, որ Թուրքիայի քայլերը` ղարաբաղյան գործընթացում ընդգրկվելու, ոչ մի արդյունքի չեն բերում, Հայաստանի առջև դրված նախապայմաններն էլ չեն ընդունվում: Պետք է մի հանգամանք նկատել, արտաքին քաղաքական դաշտում Էրդողանի վարած քաղաքականության հետևանքով Թուրքիայի հեղինակությունն աշխարհում թուլանում է: Արևմուտքի աչքերում, արաբական աշխարհում Թուրքիան բավական մեկուսացել է հենց իր արտաքին քաղաքականության անկանխատեսելիության շնորհիվ»,-հավելեց նա:
