Ներգաղթյալների խնդրից ամենաշատը տառապում է Թուրքիան. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր դեկտեմբերի 14-ին պատասխանել է լրագրողների հարցերին: Այս տարի մամուլի ասուլիսին հավատարմագրվել է 1640 լրագրող: Մամուլի ասուլիսն անցկացվում է Մոսկվայի Միջազգային առեւտրի կենտրոնում: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս տարվա գլխավոր թեմաներն են՝ պատերազմը Սիրիայում, տնտեսությունը, նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի գործը, նախագահական ընտրարշավը եւ ուրիշներ: ՌԴ ղեկավարը խոսել է սիրիական հիմնախնդրի ու Սիրիայում իրավիճակի վերջնական կայունացմանը խոչընդոտող մի շարք հանգամանքների մասին: ՌԴ նախագահն անդրադարձել է նաև պատերազմից տուժած սիրիացիներին հումանիտար օգնություն ցուցաբերելու խնդրին՝ ինչպես Սիրիայի տարածքում, այնպես էլ դրանից դուրս: Ըստ Պուտինի՝ ներգաղթյալների խնդրից ամենաշատը տառապում է Թուրքիան, թեև դրանք կան նաև Հորդանանում, Լիբանանում և այլ երկրներում: ՌԴ նախագահը կարծում է, որ ներգաղթյալների ու սիրիացի որբ երեխաների կրթության ու ապահովման հարցը կարևոր է ոչ միայն հումանիտար տեսանկյունից, այլ գլխավորապես այն պատճառով, որ կրթական ցածր մակարդակն ահաբեկչության աճի գլխավոր պատճառներից մեկն է:
