Լարված իրավիճակ՝ Սասնա ծռերի նիստին
«Սասնա ծռեր-2»-ի գործով այսօր դատավորը ճշտեց 11 անդամների դիրքորոշումը՝ մեղադրանքի վերաբերյալ։ Անդամներից Արամ Հակոբյանը հայտարարեց, որ ոչ միայն չի ընդունում առաջադրված մեղադրանքները, այլ առաջարկում է իրենց դատել հայրենասիրության համար: «Չափազանց հայրենասիրության համար դատեք, դուք ավելի շատ կալանավոր եք, քան մենք, դուք իշխանությունների ձեռքին գերի եք, և ոչ մի քայլ առանց նրանց չեք կարող անել»,-ասաց նա։ Արամ Հակոբյանը, դիմելով դատավոր Արթուր Օհանյանին, ասաց. «Երեսուն տարում ես չտեսա մի նշույլ առ այն, որ այս երկրում ինչ-որ բան կարող է փոխվել: Մենք ոչ թե պետության դեմ ենք դուրս եկել, այլ պետություն ունենալու խնդիր ենք դրել: Իշխանությունը եւ պետությունը մի խառնեք իրար, որովհետեւ իշխանությունը բռնազավթել է պետությունը»: Արամ Հակոբյանը, ինչպես եւ մյուս ամբաստանյալները, հայտարարեցին, որ մեղադրանքը չեն ընդունում:
