Ականի պայթյունից վիրավորված զինծառայողը կորցրել է ոտնաթաթը
ՀՀ սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում, մարտական հերթապահության ժամանակ՝ դեկտեմբերի 11-ին ականապայթյունային վնասվածք ստացած շարքային Արթուր Դանիելյանը Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ոտնաթաթի վիրավորմամբ: Armtimes.com-ի հետ զրույցում հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանն ասաց, որ զինծառայողն այժմ իրեն լավ է զգում, խոսում է: «Խոսում է, զրուցում է երեխան, ուտում է: Ամպուտացիա (վերջույթների հատումն է ոսկրի (ոսկրերի) մակարդակով:) է արվել, վիրահատվել է ստորին երրորդական սրունքը՝ ոտնաթաթն է: Պայթյունի ժամանակ ոտնաթաթը պոկված է եղել»,- ասաց Էդիկ Գրիգորյանը՝ նշելով, որ միայն այդ վիրավորում է ստացել շարքային զինծառայողը: Հարցին՝ Երեւան տեղափոխելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք, հոսպիտալի պետը պատասխանեց, որ այս պահին նման անհրաժեշտություն չկա: «Դա կանոնակարգ է, որպես կանոն ինքը տեղափոխվելու է Երեւան, երբ որ մենք որոշենք: Ամեն ինչ նորմալ է»,- եզրափակեց Էդիկ Գրիգորյանը:
