33-ամյա կին վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում Սարյան փողոցում 33-ամյա Անուշ Ժամկոչյանը իր վարած Nissan մակնիշի 35 MC 144 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի: Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին շտապօգնության մեքենայով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վրաերթի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Աշոտ Դարբինյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են հետիոտնի ինքնությունը։
