«Ուղիներ էի փնտրում՝ Սեֆիլյանից վերջնականապես ազատվելու համար». Հովհաննես Պետրոսյան
Շենգավիթ Վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթանում էր Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով հերթական դատական նիստը: Ամբաստանյալներից Հովհաննես Պետրոսյանը հրաժարվեց հարցաքննությունից: Նշենք, որ նա Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձն է: Հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը, ըստ որի՝ ինքը սոցիալական ցանցով է ծանոթացել Ժիրայր Սեֆիլյանի հետ, վերջինս էլ ծրագրել է կազմակերպված խմբով զավթել հեռուստաաշտարակ ու զորամաս: Այդ նպատակով էլ, ըստ նախաքննական ցուցմունքի, Հովհաննես Պետրոսյանը մի քանի անգամ զննել է Երեւանի հեռուստաաշտարակը, սակայն հետագայում հետ է կանգնել Սեֆիլյանի ծրագրերն իրագործելուն մասնակցելուց: «Ուղիներ էի փնտրում՝ Սեֆիլյանից վերջնականապես ազատվելու համար, նա մեզ ցանկանում էր կործանման տանել, նրա մտքերը չէին համընկնում իմ վարքի հետ»,-ասել է Հովհաննես Պետրոսյանը:
