Նիկոլ Փաշինյանին մի քանի հարց պետք է տրվեր.«Հրապարակ»

Հրապարակ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն իր մի քանի ժամանոց ասուլիսում փաստացի հայտարարեց, որ ամերիկյան առաջարկը կա, այն քննարկվում է, ու Հայաստանը դեմ չէ։ Ինչպես փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն էր հայտարարել, Սյունիքով անցնող ճանապարհի կառավարումն արտապատվիրակել միջազգային՝ ամերիկյան ընկերությանը, չնայած ՀՀ ԱԳՆ-ն, Սաֆարյանի հայտարարությունից հետո տեսնելով աղմուկը, շտապել էր լղոզել նրա ասածը:


Հետո Փաշինյանի խոսնակն էր իր հերթին փորձել հերքել ամերիկյան առաջարկի մասին տեղեկությունը, սակայն Փաշինյանը հաստատեց այն: Նա իրեն հատուկ մանիպուլյացիոն օրինակներով փորձում էր համոզել, թե Հայաստանը շահելու է դրանից, թե բոլոր գործընթացները պատկերացնում են ՀՀ իրավազորության եւ տարածքային ամբողջականության ներքո: Օրինակ բերեց «Զվարթնոց» օդանավակայանի, ջրային համակարգի, երկաթուղու կոնցեսիոն կառավարումը, որը միջազգային պրակտիկայում ընդունված է՝ մասնավոր հատվածի ներդրումներ ներգրավելու համար, երբ պետությունը մասնավոր ընկերությանը պետական սեփականություն հանդիսացող օբյեկտներում տնտեսական գործունեություն ծավալելու բացառիկ իրավունք է տրամադրում։ Թե կոնցեսիոն կառավարումն ու այս նոր տերմինը՝ արտապատվիրակումն ինչով են տարբերվում, իհարկե, Փաշինյանը չբացատրեց, ասաց, որ, օրինակ, հայ-ամերիկյան ընկերություն կարող է ստեղծվել, որն այդ տնտեսությունը կկառավարի: Ամենակարեւորի՝ ռեժիմի ու դետալների մեջ չխորացավ, այլ տարբեր տերմիններ օգտագործելով՝ փորձեց հասարակությանը մոլորեցնել ու ցույց տալ, որ այն, ինչ ինքն անում է, միայն Հայաստանի շահից է բխում: Ինչ վերաբերում է ՀՀ սուվերեն տարածքը 100 տարով վարձակալության հանձնելուն, ասաց, թե «մեր օրենսդրությամբ դա կոչվում է կառուցապատման իրավունք»։

Միջազգային իրավունքի մասնագետ, «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության կառավարիչ-գործընկեր Արամ Օրբելյանն այս մասին ասում է. «Այստեղ ամենամեծ սուտը «մեր օրենսդրություն» ձեւակերպումն է: Ընդհանրապես, միջազգային հարաբերություններում 2 իրարից տարբեր պրոցես կարող է լինել՝ մեկն այն է, եթե մենք ՀՀ օրենսդրության շրջանակներում վարձակալության, կոնցեսիոն կառավարման կամ կառուցապատման պայմանագիր ենք կնքում, բայց այս բոլոր դեպքերում դրանք ղեկավարվում են ՀՀ օրենսդրությամբ: Այսինքն, ՀՀ քաղաքացիական, վարչական օրենսգրքերն են կարգավորում այդ հարաբերությունները, ՀՀ Սահմանադրությամբ սահմանված մարմիններն են իրականացնում այդ տարածքում իրենց լիազորությունները՝ պայմանական, ոստիկանություն, մաքսային, պարեկային ծառայություն եւ այլն: Այսինքն՝ արդյունքում ՀՀ ինքնիշխանությունն այդ տարածքի վրա որեւէ կերպ չի փոխվում, եւ այդ տարածքը միջազգային իրավական տեսակետից հանդիսանում է ՀՀ ազգային տարածք՝ դրա նկատմամբ ՀՀ ամբողջ ինքնիշխանությամբ: Սա առաջին ռեժիմն է, որի բազմաթիվ օրինակներ կան աշխարհում` վճարովի ճանապարհներ կան, որը կազմակերպությունը կառուցում է եւ վճարովի հիմունքներով թույլ է տալիս դրանով երթեւեկել: ՀՀ-ի դեպքում՝ օդանավակայան, փոստ եւ այլն, բոլորի դեպքում մեկ ֆունդամենտալ հանգամանք պետք է շեշտել` բոլորի ռեժիմը կարգավորվում է ՀՀ  օրենսդրության շրջանակներում կնքված պայմանագրերով, եւ այդ պայմանագրերը ՀՀ օրենսդրության սահմանված կարգով կարող են լուծվել, փոխվել: Դատարանը ՀՀ օրենսդրության հիման վրա կարող է որոշում կայացնել, այսինքն՝ ՀՀ սուվերենությունը, իրավազորությունը որեւէ կերպ սահմանափակված չեն: Մյուս տարբերակը միջազգային իրավունքով կարգավորվող, պայմանական անունը դնեմ՝ վարձակալությունն է, որը ոչ մի կապ չունի ներպետական օրենսդրության գործընթացների հետ, այսինքն՝ դրա նկատմամբ չի տարածվում Քաղաքացիական կամ Հողային օրենսգիրքը կամ որեւէ այլ փաստաթուղթ, եւ նշված տարածքը ռեժիմի իմաստով այլեւս չի համարվում պետական տարածք: ԱՄՆ-ն ունի նմանատիպ փորձառություն, օրինակ, Կուբայի հետ: ԱՄՆ-ն իր ռազմաբազան տեղավորել է Գուանտանամոյում, որի նկատմամբ Կուբայի իշխանությունները որեւէ լիազորություն եւ իրավասություն չունեն, եւ քանի որ պայմանագիրն անժամկետ է, ըստ էության, ԱՄՆ-ն համարում է, որ այդ տարածքի նկատմամբ ինքը պետք է իրականացնի իր իրավազորությունը՝ չհամարելով դա ԱՄՆ տարածք: Այսինքն՝ զուտ տեխնիկապես դա Կուբայի տարածք են, որը վարձակալված է ԱՄՆ-ի կողմից, եւ այդ տարածքի նկատմամբ գործում է ամերիկյան իրավազորությունը, ընդ որում՝ մարդու իրավունքների տեսակետից որոշ սահմանափակումներով: Սա արդեն պետական ինքնիշխանության սահմանափակումն է որոշակի տարածքում: Եթե միջազգային իրավական տերմինոլոգիայով ասենք, այս տարածքի իրավական ռեժիմն այլեւս չի հանդիսանում պետական տարածքը, այն այլեւս ունի խառը ռեժիմ»:

Նմանատիպ ռեժիմներ, մասնագետի խոսքով, պատմության մեջ եղել են, օրինակ, որեւէ տարածքի նկատմամբ միջազգային կառավարման, մանդատի կամ գաղութային ռեժիմի շրջանակներում: Նման նախադեպ եղել է Ազգերի լիգայի ժամանակ, Գերմանիան է լեհերի հետ ունեցել միջանցքային ձեւակերպումներով ռեժիմ: Եթե ամերիկյան առաջարկում խոսքն այս ռեժիմի մասին է, ապա Սյունիքով անցնող ճանապարհն այլեւս չի հանդիսանալու ՀՀ տարածք: «Որպեսզի պարզ լինի, մի քանի օրինակ եւս բերեմ։ ԱՄՆ-ն իր տարածքի զգալի մասը գնել է, բայց դա ոչ թե կարգավորվել է Ֆրանսիայի, Իսպանիայի կամ Ռուսաստանի՝ այդ պահին գործող Քաղաքացիական օրենսգրքով, այլ՝ պայմանական միջազգային պայմանագրով: Այսինքն՝ գումարը տրվել է պետությանը, դրա դիմաց, օրինակ, ստացվել է Ալյասկան՝ որպես ինքնիշխան տարածք: Այսօր որեւէ մեկը Ալյասկայի «միջազգային պայմանագիրը» չի կարող որեւէ ազգային դատարանում վիճարկել, հետեւաբար, «արտապատվիրակում» բառը, որը նոր մտցրել են շրջանառության մեջ, դասական էֆեմիզմի օրինակ է, երբ երեւույթին փորձում են ավելի փափուկ ձեւակերպում տալ: Այսինքն՝ երբ խոսում ենք քրոնիկ սուտասան կառավարության մասին, շատ կարեւոր է, որ նրան հարցերն ուղղվեն ոչ թե ընդհանրական, այլ՝ շատ ավելի առարկայական: Հետեւյալ կերպ. այդ գործարքի արդյունքում այդ տարածքի նկատմամբ ՀՀ ոստիկանությո՞ւնն է իրավազորություն իրականացնելու, թե՞ ուրիշ մարմին, կարողանալո՞ւ են ՀՀ քաղաքացիներն ազատ մտնել այդ տարածք, այդ տարածքում տեղի ունեցած հանցագործություններն ո՞վ է հետաքննելու, այդ տարածքով անցնող բեռների նկատմամբ ինչ-որ վերահսկողություն իրականացվելո՞ւ է, թե՞ ոչ, ի՞նչ ռեժիմով է իրականացվելու այդ վերահսկողությունը, ի՞նչ փաստաթղթով է, պայմանական ասած, արտապատվիրակվելու: Այսինքն՝ մի տարբերակ է, որ մենք պայմանագիր կնքենք, եւ որեւէ միջազգային խաղացող գա, ճանապարհ կառուցի եւ այն, որպես վճարովի ճանապարհ, աշխատեցնի ու գումարից հարկեր վճարի ՀՀ-ին, որովհետեւ գործում է ՀՀ տարածքում, մյուսը, որ, օրինակ, միջազգային պայմանագրով, պայմանական՝ հայ-ադրբեջանական, սահմանվի ինչ-որ հատուկ ռեժիմ: Սա շատ կարեւոր է, որովհետեւ մեր Սահմանադրության իմաստով, ցանկացած պայմանագիր, որը ՀՀ տարածքի փոփոխություն է ենթադրում, ինչը նաեւ «ազգային տարածք», «պետական տարածք» ռեժիմից որեւէ այլ ռեժիմ է ենթադրում, որտեղ ինքնիշխանությունը սահմանափակվում է, պետք է անցնի հանրաքվեով եւ չի կարող այլ կարգով վավերացվել»,- բացատրում է մասնագետը:

Փաշինյանն իր ասուլիսում ուղիղ հայտարարել էր, թե պատրաստ ենք պարզեցումների՝ խոսքը մաքսային հսկողության մասին է: Իսկ Ալիեւն առհասարակ անխոչընդոտ ճանապարհ է պահանջում եւ դեմ է անգամ միջազգային ընկերության ներգրավման սցենարին: Օրբելյանն ընդգծում է՝ խնդիրը ոչ թե այն է, թե ինչ անուն է դրվելու, այլ՝ ռեժիմի հարցն է, որովհետեւ  «միջանցք» ձեւակերպումը խնդրահարույց է ենթադրվող ռեժիմի պատճառով, որն ազգային չպետք է լիներ: Ի դեպ, Փաշինյանը հենց «միջանցք» բառը փորձեց մանիպուլացնել՝ ֆիքսվելով ոչ թե ռեժիմի, այլ անվան վրա՝ բերելով Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի օրինակը, որը սովորական ունկնդրին, որը խորամուխ չէ խնդրի էության մեջ, մանիպուլյացիայի դաշտ է տանում:

«Դրա համար հիմա անունը փոխում են, դնում են արտապատվիրակում, հետո կարող է արտասահմանյան բառ օգտագործեն, ասեն՝ աութսորս, դա էլ փոխեն՝ աուտսթաֆ, բայց, կրկնեմ՝ կարեւորն էությունն է. այդ ռեժիմը կարգավորվելու է ամբողջությամբ ՀՀ ազգային օրենսդրությա՞մբ, թե՞ ոչ, ինչը ենթադրում է, որ, օրինակ, հաջորդ կառավարությունն այդ պայմանագիրը կարո՞ղ է լուծել, թե՞ դա կարգավորվելու է միջազգային իրավունքով, որը սահմանափակելու է ներպետական մարմինների իրավասությունն այդ տարածքի նկատմամբ, ասենք, 100 տարով: Հակառակ դեպքում, փորձ է արվում ցույց տալ, թե սա նրանից տարբերվում է»,- եզրափակում է Արամ Օրբելյանը՝ ընդգծելով, որ մի ֆունդամենտալ խնդիր էլ կա՝ որեւէ կերպ քննարկման առարկա չի դառնում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը:

 

դիտվել է 459 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am