«Մեր երկար սպասված տղան էր Մհերս, շատ հարգանքով էր, պարտաճանաչ ու կարգապահ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր երեք աղջիկներից հետո մեր՝ բավականին հասուն տարիքում ծնվեց մեր տղան՝ Մհերը։ Սպասված էր ոչ միայն մեր ընտանիքի, այլև ողջ հարազատության համար։ Աշխույժ էր ու հանգիստ, անչափ հարգանքով էր։ Շատ հասուն էր իր տարիքի համար, բոլորս վստահ էինք՝ նա որևէ վատ քայլ չի կարող անել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռոզան՝ Մհերի մայրիկը։

Մհերը ծնունդով Վանաձորից է։ Հաճախել է Վանաձորի Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցը։ Տիկին Ռոզան նշում է՝ չի կարող պնդել, թե որդին բարձր առաջադիմություն է ունեցել, չնայած ընդունակ է եղել։ «Իր համար շատ կարևոր էր սպորտը։ Սկզբում ֆուտբոլի է հաճախել կարճ ժամանակով, իսկ հետո նրա տարերքը դարձավ ծանրամարտը։ Շատ պարտաճանաչ էր, ձգտում էր չեմպիոնության, հրաշալի սպորտսմեն էր և դեռ շատ անելիքներ ուներ։ Բազմաթիվ մեդալների ու պատվոգրերի է արժանացել, մի քանի անգամ զբաղեցրել է առաջին հորիզոնականներ։ Իր մարզիչներն իրեն որպես պարտաճանաչության, կարգապահության օրինակ էին բերում մյուս տղաներին»։

Իններորդ դասարանն ավարտելուց հետո Մհերն ուսումը շարունակել է Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի «Հաշվապահական հաշվառում» բաժնում։ Քոլեջն ավարտելուց հետո ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ծանրամարտի հեռակա բաժին։ Մհերը մեկ տարի վայելել է ուսանողական կյանքը, դա էլ՝ այն հանգամանքով պայմանավորված, որ հինգ տարեկանից է դպրոց հաճախել։ «Հեռակա էր սովորում, դասերը ժամը երկուսից էին սկսվում, մինչ այդ մարզասրահում պարապում էր, հետո նոր դասի գնում։ Իսկ ազատ օրերին նաև աշխատում էր լուսանկարչական ստուդիայում։ Համալսարանում սովորելու ժամանակ իր աշխատանքով հոգում էր իր ծախսերը»։ Մինչ բանակ զորակոչվելը Մհերը նվաճել է Հայաստանի փոխչեմպիոնի տիտղոսը։

2019 թվականի հուլիսի 14-ին Մհերը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայության առաջին ամիսներն անցել են Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև որպես կրտսեր սերժանտ տեղափոխվել է Որոտան (Կուբաթլու)։ «Հիշում եմ՝ դպրոցական տարիներին մի շրջան եղավ, երբ ասում էր՝ ես չեմ ծառայելու։ Ես էլ իրեն միշտ հակադարձում էի՝ տղան նման բաներ չի ասի։ Ու նաև զարմանում էի, որ նա նման մտքեր ունի։ Հիմա մտածում եմ՝ գուցե իմ հոգու հետ էր խաղում։ Բայց արդեն ծառայության մեկնելու ժամանակ շատ ոգևորված էր։ Անգամ բարկանում էր, թե ինչու իրեն զորակոչի հենց ամենասկզբում ծանուցագիր չեն ուղարկել։ Ես իրեն հանգստացնում էի՝ Մհե՛ր ջան, ամեն ինչ իր ժամանակին, մի խառնվիր իրար։ Իսկ արդեն ծառայության ժամանակ դրական տպավորությունները կրկնապատկվեցին։ Գնում էին վարժանքների։ Զանգում էր, ոգևորված պատմում էր, որ խոցել է բոլոր թիրախները, բարձր միավորներ հավաքել։ Այնքան էր ուրախանում, որ այդքան գերազանց արդյունքներ է գրանցում։ Ես էլ մայրական սրտով էի առաջնորդվում՝ Մհե՛ր ջան, այդքան աչքի մի ընկի։ Բնական է, ներքին վախեր միշտ ենք ունենում։ «Մա՛մ, չե՞ս ուրախանում»։ Իհարկե, ուրախանում էի իր համար, իր ոգևորվածությունն ինձ էր փոխանցվում, բայց երբեմն անհանգստությունն առաջին պլան է գալիս։ Շատ պարտաճանաչ էր նաև որպես զինվոր»։ Ժամկետային զինվորական ծառայության ընթացքում Մհերը պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ», «Քաջարի մարտիկ» և այլ կրծքանշաններով։ 2020 թ. սեպտեմբերին մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Աստրախան քաղաքում տեղի ունեցած «Կովկաս 2020» զորավարժությանը։ Գրանցած հաջողությունների համար գեներալ Գերասիմովի կողմից պարգևատրվել է «Կովկաս 2020» մեդալով։ «Սեպտեմբերի 27-ի առավոտյան պետք է վերադառնային Հայաստան։ Զանգեց ինձ՝ մա՛մ, վիճակը խա՞ռն է։ Ասացի, որ ոչինչ չեմ լսել։ Արձագանքեց. «Մենք արդեն պետք է դուրս գայինք, բայց մի բան այն չէ»։ Սեպտեմբերի 27-ից 29-ը մնացել են այնտեղ։ Հայկական եկեղեցի էին գնացել, շրջել քաղաքում, բավականին նկարներ ունի։ Նկարվել շատ էր սիրում։ Հայկական համայնքն իրենց լավ ընդունելության էր արժանացրել։ Սեպտեմբերի 30-ին այնտեղից եկել էին Մոսկվա, այնուհետև՝ Հայաստան։ Նույն օրը մարտի դաշտ են մեկնել։ Մեզ Գորիսից մի նկար էր ուղարկում, ասում. «Դպրոցի նկուղում ենք։ Տեխնիկա կար նորոգելու, գնացինք այդ հատված»։ Այնպես էր մեզ հանգստացնում, որ ինքը պատերազմի մեջ չէ»։

Սեպտեմբերի 30-ից Մհերը ներգրավվել է պատերազմում։ Հայրենիք ժամանելուն պես մեկնել է Ջրական։ Մասնակցել է Ջրականի, Բերձորի, Լիսագորի և Շուշիի պաշտպանական մարտերին։ «Մինչև նոյեմբերի 9-ը ինձ հետ խոսել է։ Առավոտյան տասն անց կես էր, զրուցեցինք, ասաց՝ գնում ենք տանկեր նորոգելու, բայց հետո իմացանք՝ մարտի էին մեկնում։ Այդ օրը շատ տխուր էր, կարճ զրույց ենք ունեցել, ասաց՝ ես քեզ էլի կզանգեմ։ Երբ հերթափոխ է եղել, շատ անգամ դիրքերից չի իջել։ Վերջին անգամ նոր է իջած եղել, իրեն հետ են կանչել։ Ընկերներից մեկի հետ էր այդ ժամանակ խոսել, նա ասել էր՝ մի գնա, բայց Մհերս արձագանքել էր՝ եթե ես չգնամ, բա ո՞վ գնա։ Երբ ինձ այդ օրը հայտնեցին բոթը, ես չհավատացի։ Ասացի, որ առավոտյան խոսել եմ հետը, նման բան հնարավոր չէ, հատկապես, որ հրադադար էլ կնքել են։ Զանգում էի բոլոր հնարավոր հեռախոսահամարներին, ոչ մեկ չէր պատասխանում։ Բայց հետո պարզվեց, որ իր զոհվելու լուրն իրական է։ Այնտեղ այդ պահին մի շտապօգնության մեքենա է եղել, որը զոհված տղաներից մեկին պետք է բերեր Վանաձոր։ Անմիջապես Մհերին էլ են նրա հետ ճանապարհել»։

Մհերը զոհվել է նոյեմբերի 9-ին Շուշիում՝ թշնամու արձակած գնդակից։ Մհերն ու նրա տանկային անձնակազմը պատերազմի օրերին ոչնչացրել է հակառակորդի մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և զինուժ։

Ապրելու ուժի մասին։ «Այդ ուժը մեր աղջիկները, թոռնիկներն են փոխանցում։ Նրանք էլ այդ բարդ ճանապարհը մեզ հետ անցան։ Մեր աղջիկների ամենափոքր ուրախությունն անգամ իրենց համար այլևս լիարժեք չէ։ Շատ կոտրվեցինք Մհերից հետո։ Առողջական հազար ու մի խնդիր ունեցանք, բայց փորձում ենք հանուն մեր երեխաների ամուր լինել»։

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Մհեր Քոչինյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Վանաձորի զինվորական պանթեոնում։ Վանաձորում, ի հիշատակ Մհերի, տեղադրվել է խաչքար։ Էմմա Անտոնյանի հեղինակած «Վիրավոր նռնենի» գիրքը պատմում է Մհերի և նրա ընկերների մասին։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 215 անգամ
Լրահոս
Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Ինքնիշխան գժանոցի՝ օրվա լրահոսից Թուրքիան հերքել է փոքրամասնությունների դպրոցներում սահմանափակումների մասին լուրերը Ես պնդում եմ՝ հակագազով են եղել զինվորները, դրա համար էլ մեքենան չեն տեսել. վրաերթից մահացած զինվորի մայր. news.am Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավոր Ռոբերտ Քոչարյանի որդու և ևս 4 անձանց կալանավորման միջնորդություններ են ներկայացվել դատարան Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ հետապնդումների նոր փուլը գուժում է հերթական զիջումները․ Դանիելյան Տարածաշրջանային ինտեգրման անվան տակ ձևավորվում է Հայաստանի նոր կախվածությունը. Վահե Դավթյան ՊՆ-ն կրկին հերքում է Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից Մի խումբ դատավարագետների նախաձեռնությամբ կազմվել և Վեհափառին ու Դատավորին է ներկայացվել Amicus Curiae եզրակացություն Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել կայանված ավտոմեքենայում․ կա վիրավոր Վանա լճում լողացող երեխաների մազերը դեղնում են Ասեք ՔՊ-ի նմանների տիրապետության տակ են ապրել, բա ո՞նց չազատագրվեն ուրիշների հետ դաշնակցելով, բա կարո՞ղ ա ստրուկ լռվեն․ Հովհաննես Իշխանյան Ուկրաինան Արևմուտքից Patriot ՀՕՊ համակարգերի համար փոքր քանակությամբ hրթիռներ է ստացել. Զելենսկի Հորմուզի նեղուցի միջազգային ջրերից բոլոր ակшնները հեռացվել կամ պшյթեցվել են. Իրանին տեղեկացվել է, որ նոր ակшններ տեղադրող ցանկացած նավ կnչնչացվի. Թրամփ Ուրիշ ի՞նչ պետք է անեն Հայաստանում արտաքին շահ սպասարկող դրածոները, որ մեր ընդդիմությունն ու էլիտաները հասկանան՝ գործ ունենք պետությունը կազմաքանդող թշնամnւ հետ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Քաղաքական հաշվեհարդարը թևակոխեց նոր փուլ. ստիպված են լինելու պատասխան տալ. Նարեկ Մանթաշյան Քոչարյանների դեմ բռնաճնշումները Տիգրանաշենը և Հայաստանի անկախությունը հանձնելու կանաչ գորգն է. Հովհաննես Իշխանյան Կաթողիկոսի հրաժարականի հարցը չի կարող թելադրվել որևէ քաղաքական իշխանության կողմից. ՀԲԸՄ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ Armlur Ռուսաստանը ցնցումներ չի սպասում Հայաստանի հետ առևտրի ծավալների կրճատումից. ՌԴ ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am