Ինչքան էլ բնակարան կառուցվի, մարդը մի շաբաթ հետո սովամահ է լինելու. Վարդան Ղուկասյան
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանին չեն գոհացնում այն գործողությունները, որոնք իրականացվել են Գյումրին 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո վերականգնելու համար: Լրագրողների հետ զրույցում պատգամավորը նկատեց, որ իշխանությունը թերացել է աշխատատեղերի ստեղծման հարցում: «Հավանական է, որ կան գյուղեր, որոնք ավելի շատ աշխատատեղեր ունեն, քան Հայաստանի երկրորդ քաղաքը: Եղեռնի ժամանակ ավելի շատ աշխատատեղեր կար Ալեքսանդրապոլում, քան 21-րդ դարում: Ինչքան էլ բնակարան կառուցվի, մարդը մի շաբաթ հետո սովամահ է լինելու եւ այդ բնակարանը վաճառելու է, թողնելու, հեռանալու է, ինչը հիմա տեղի է ունենում: Ցավում եմ, որ այդպիսի վիճակ է: Ես կողմնակից եմ, որ ոչ թե Երեւանում 150 միլիոնանոց թաղամաս կառուցել, այլ պահպանել եղածը»,-ընդգծեց պատգամավորը: Նա ընդգծեց, որ Երևանում պետք է ոչ թե 150 միլիոնանոց թաղամաս կառուցել, այլ պահպանել եղածը և համամասնորեն զարգացնել մարզերը: «Պետք է Երևանն այդքան չուռճացնենք: 85 մլրդ Երևանի բյուջեն է, Գյումրիինը՝ 3 մլրդ է: մենք մեծացնում ենք Երևանը, բայց ինչքա՞ն դա պիտի անենք», - նշեց նա:
