ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալը դանակահարությունից հետո ազատվել է զբաղեցրած պաշտոնից
armtimes.com-ի հաղորդմամբ՝ ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Հակոբ Մկրտչյանը, որը ամիսներ առաջ դանակահարվել էր, ազատվել է զբաղեցրած պաշտոնից: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ հավելելով, որ Մկրտչյանն իր անձնական նախաձեռնությամբ, գրավոր զեկուցագրի հիման վրա, ազատվել է ոստիկանությունում ծառայությունից: Ոստիկանությունից մեր հարցին ի պատասխան նաեւ ասացին, որ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է ոստիկանության մայոր Արթուր Օսիպյանը: Հիշեցնենք, որ Հակոբ Մկրտչյանը դանակահարվել էր օգոստոսի 24-ին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախնական քննության տվյալներով՝ օգոստոսի 24-ին՝ ժամը 01-ի սահմաններում, Հակոբ Մկրտչյանն այցելել է իր ծանոթներից մեկին, որտեղ վերջինիս 21-ամյա եղբոր հետ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։
