Տոնական միջոցառումներն այս տարի կմեկնարկեն աելի վաղ. Արամ Սուքիասյան
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագիրը: Ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումներն այս տարի մեկնարկում են ավելի վաղ: Դեկտեմբերի 8-ին` ժամը 19:00-ին, տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացման հանդիսավոր արարողությունը: Ձմռան ամիսներին ամեն օր կգործի նաև Իրինա Ռոդնինայի սահադաշտը: Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորությունը կմիացվի դեկտեմբերի 19-ին` ժամը 19:30-ին: Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:00-ից մինչ հունվարի 1-ի ժամը 01:00-ն մայրաքաղաքի բնակիչների, հյուրերի, ինչպես նաև զբոսաշրջիկների համար հանրապետության գլխավոր տոնածառի շուրջ՝ Հանրապետության հրապարակում, կազմակերպվելու է «Նոր տարվա գիշերը» ծրագիրը:
