Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել
Թուրքիայի խորհրդարանում նոյեմբերի 29-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Նյու Յորքում գործարար Ռեզա Զարաբի հնչեցրած ցուցմունքներից հետո։ Այս մասին հայտնում է mk-turkey-ն։ Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը» և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վիճաբանել են, քանի որ ընդդիմադիր օրենսդիրները հիշեցրել են, որ Թուրքիայում Զարաբի դեմ կոռուպցիոն մեղադրանքների վերաբերյալ առաջին գործը փակվել է իշխող կուսակցության կողմից։ ԱՄՆ դատարանում լսումների ժամանակ Զարաբը հայտարարել էր, որ նա միլոնավոր դոլարների կաշառք է տվել Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չագլայանին՝ Իրանի հետ անօրինական տարանցումները հեշտացնելու համար։ «Մենք վշտացած ենք այն բանից, որ Աթաթուրքի կուսակցությունն աստիճանաբար մոտենում է գյուլենականների գծին»,-ասել է արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը։ Նրա խոսքով՝ դա ամոթալի է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ժողովրդա-հանրապետական կուսակցության համար։ Այդ խոսքերից հետո ընդդիմադիր պատգամավոր Օզգյուր Օզելը մոտեցել է Գյուլին, քննարկումը վերաճել է ծեծկռտուքի։
