Դուրս բերել ՌԴ Սահմանապահ զորքերը… Ապագաղութացման առաջնահերթ գործողություններ. Վարուժան Ավետիսյան
Գործողություն 1. Դուրս բերել ՌԴ Սահմանապահ զորքերը ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ Սահմանապահ զորքերի կարգավիճակի և գործառման պայմանների մասին 1992թ․ սեպտեմբերի 30-ի պայմանագրին (այսուհետև՝ Պայմանագիր) և դրա հիման վրա կնքված միջկառավարական համաձայնագրերին համապատասխան Իրանի և Թուրքիայի հետ ՀՀ պետական սահմանի պահպանությունը վստահված է օտարերկրյա պետություն Ռուսաստանի Դաշնությանը` ի դեմս ՀՀ տարածքում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության զորամասերի: Պայմանագրի ոգուն և տառին համապատասխան՝ այն ժամանակավոր է՝ մինչև ՀՀ-ն կստեղծի իր սահմանապահ կառույցները և փոխարինելով ՌԴ սահմանապահ կառույցներին, կստանձնի Իրանի և Թուրքիայի հետ իր սահմանի պահպանությունը։ Ինքնիշխան պետությանը ոչ հարիր և արդեն 25 տարի շարունակվող՝ աշխարհում թերևս բացառիկ այս երևույթի հիմնական հատկանիշները և ՀՀ-ի համար դրա վտանգավորությունը բնութագրվում են հետևյալ պարամետրերով.
- Սահմանների անձեռնմխելիության ապահովումն իշխանության իրականացման, պետական կառավարման գործառույթ է: Օտարերկրյա պետությանն այդ գործառույթի զիջումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնիշխանության զիջում տվյալ պետությանը:
- ՀՀ ինքնիշխանության հաշվին «ՀՀ սահմանների անձեռնմխելիությունն ապահովող» ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունը օտարերկրյա պետության հատուկ ծառայության ստորաբաժանում է: Վերջինս ՀՀ-ում բացահայտ ու իրավազոր կերպով ի շահ ՌԴ-ի հետախուզական և հակահետախուզական համալիր գործունեություն իրականացնելու առարկայական հնարավորություններ ունի: Ընդ որում, այդ գործունեությունը բացարձակապես անվերահսկելի է մեր կողմից: Բնական է, որ անհրաժեշտության դեպքում նման գործունեությունը կիրականացվի նաև ի վնաս ՀՀ-ի: Անխուսափելի է ինչպես ՀՀ ներքին գործերին միջամտելը ՀՀ-ում գործակալական ցանց ստեղծելու և այն այլազան ձեռնածությունների ենթարկելու միջոցով, մեր պետության կառավարմանը հայեցողական ու անվերահսկելի կերպով մասնակցելը, մասնավորապես՝ սահմանի գործոնով պայմանավորված հարցերում ՀՀ արտաքին քաղաքականության վրա ազդելու և այն վերահսկելու, այդ թվում՝ սահմանի հետ կապված մեր ելումուտը և մնացյալ քայլերը մոնիթորինգի տակ պահելու միջոցով, այնպես էլ ուրիշ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետ ՀՀ-ի շահերի հաշվին գործակցելը:
- ՀՀ-ն անմիջական, կենդանի շփում չունի տարածաշրջանի հիմնական սահմանակից դերակատարներ Թուրքիայի և Իրանի հետ: Այս հանգամանքը Թուրքիայի և Իրանի հետ սահմանային հարցերի ու դրանց հետ որևէ առնչություն ունեցող ոլորտների մասով հարաբերվելու գործում ՀՀ-ին զրկում է սուբյեկտությունից, քանի որ հայկական կողմը ստիպված է լինելու որպես միջնորդ ու դատավոր հրավիրել ռուսական կողմին, որն էլ գործելու է ի շահ իր նպատակների:
- Իր հատուկ ծառայութան ստորաբաժանման ուժերով ՀՀ սահմանը պահելու հանգամանքը որպես գործիք ու գործոն օգտագործելով, ՌԴ-ն օբյեկտիվորեն հնարավորություն է ձեռք բերում ՀՀ-ին վերաբերելու որպես ֆորպոստի, իսկ հայ ժողովրդին` որպես քաղաքականապես ապասուբյեկտային համայնքի:
- ՌԴ-ի համար դա ըստ էության ծառայում է որպես կայսրության վերարտադրողական տարրերի պահպանման ռեզերվացիա, որպես կայսրության վերականգնման ռեսուրս: Սա հնարավոր է հատկապես այն հիմնարար պատճառով, որ ՀՀ-ի սահմանները պահելու ձևաչափը կառուցված է Ադրբեջանի ու Վրաստանի հետ սահմանը «ներքին», իսկ Թուրքիայի և Իրանի հետ սահմանը «արտաքին» համարելու մեկնակետերի վրա:
