Կիեւում ընդունվեց հակահայկական բանաձեւը. Վրաստանը կողմ է քվեարկել
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի ազգային 12 պատվիրակությունից 9-ը կողմ է քվեարկել այն բանաձեւի ընդունմանը, որտեղ կան հակահայկական ձևակերպումներ: Հակահայկական բանաձևի ընդունմանը կողմ են քվեարկել Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Թուրքիան: Քվեարկությանը չեն մասնակցել Հայաստանը, Ռուսաստանը եւ Սերբիան: Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ ՍԾՏՀ ԽՎ-ի հոբելյանական քսանհինգերորդ տարում Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ անդամ պետությունների մասնակցությամբ քննարկվել է մի հարց, իսկ հայկական կողմը քննարկման հրավեր չի ստացել: Ավելի ուշ պարզվել է, որ վերոհիշյալ քննարկման արդյունքում ամփոփիչ հռչակագրի մեջ տարածաշրջաններում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի համալիր սկզբունքին: Այս մասին գրում է armtimes.com-ը:
