Ստուգվում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետի կողմից կաշառք պահանջելու մասին տեղեկությունը
Գլխավոր դատախազությունից երեկ՝ նոյեմբերի 28-ին, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով Ոստիկանության Կենտրոնական բաժին է ուղարկվել հատուկ գրություն, որով հայտնվում է, որ այս տարվա հուլիսի 31-ի որոշմամբ հարուցված, մերժված նյութերում առկա Երևան քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Արտակ Գրիգորյանի բացատրությունում առերևույթ պարունակվում են կաշառք պահանջելու մասին տվյալներ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կաշառք պահանջելու մեջ կասկածվում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետ, Երևան քաղաքի բնակիչ՝ Արման Եդոյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Գրիգորյանն աշխատում է երևանյան քոլեջներից մեկում՝ որպես դասախոս։ 2015 թվականի սեպտեմբերի 13-ին լուր էր հրապարակել, որ մահվան ելքով վրաերթի հեղինակը նույն Ա. Եդոյանն էր, ով այդ օրերին կուրծք ծեծելով հերքում էր իր մասնակցությունը վրաերթում, սակայն հետո գլխիկոր խոստովանել էր կատարվածը։
