1 միլիարդ դոլար ազատության դիմաց
Սաուդյան Արաբիայում ազատ է արձակվել արքայազն Միտաբ բեն Աբդալլահը՝ 1 միլիարդ դոլար վճարելու դիմաց: Հայտնում է Ռոյթերը՝ հղում անելով սաուդցի պաշտոնյաներից մեկին: Միտաբ բեն Աբդալլահը նախկինում Ազգային գվարդիայի նախարարության ղեկավարն էր, ձերբակալվել էր հակակոռուպցիան արշավի շրջանակում, որն իրականացվում է գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի գլխավորությամբ: 65-ամյա արքայազնին ազատ են արձակել նոյեմբերի 28-ին: Ավելի վաղ Աբդալային համարում էին գահի գլխավոր հավակնորդներից մեկը: Սակայն նոյեմբերի լույս 5-ի գիշերն Ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնությամբ, որը գլխավորում է Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը, նրան ձերբակալեցին հակակոռուպցիոն արշավի շրջանակներում: Ընդամենն այս գործով ձերբակալվել է ավելի քան 200 մարդ, նրանց թվում՝ 11 արքայազններ, ինչպես նաեւ գործարարներ եւ բարձրաստիճան պետական պաշտոնյաներ:
