Այդ օպերացիան հաջող անցավ. Ազատ Արշակյան
«Սամվել Բաբայանը ՕՐՕ դաշինքում կարևոր դերակատարություն ուներ, և նրան մեկուսացնելով՝ ծանր հարված հասցվեց ՕՐՕ դաշինքի ընտրարշավին: Ակնհայտ մի բան տեղի ունեցավ՝ ՕՐՕ դաշինքի պարտվելով՝ ՀՀ ԱԺ-ից դուրս մնացին երկու արևմտահայ քաղաքական գործիչ և շատ նախկին զինվորականներ։ Այդ օպերացիան հաջող անցավ։ ՕՐՕ դաշինքը խաղից դուրս մնաց Սամվել Բաբայանին մեկուսացնելու հետևանքով»,- այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։ Արշակյանի խոսքով՝ ԱԺ-ում բժշկի տեղեկանքով մարտիկներ կան. «Բժշկի տեղեկանքը ռազմաճակատում հազար տանկ արժե, հակառակորդը դա գնահատում է։ Կանանց կոնսուլտացիայից տեղեկանք են տանում, որ երկու երեխա ունեն, և ազատվում բանակից։ Դրա համար էլ տեսնում եք՝ վերջերս խեղճացել է հակառակորդը, դիվերսիաներ չկան, որովհետև ԱԺ-ում բժշկի տեղեկանքով մարտիկներ կան։ Քաղաքական նկատառումներով ազատազրկված ազատամարտիկներն անպայման կազատվեն առաջիկայում։ 2018թ. մեծ փոփոխություններ կլինեն, քաղաքական կամք կդրսևորվի, և մարդիկ կազատվեն»։
