Սամվել Բաբայանի դատավճիռը միտում ունի, որ հետագայում համաներումը նրա վրա չտարածվի. պաշտպան
Սամվել Բաբայանին 6 տարով ազատազրկելու վերաբերյալ դատարանի վճիռը մասամբ սպասելի էր, մասամբ ոչ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Բաբայանի և մյուսների գործով դատավճռի հրապարակումից հետո հայտարարեց փաստաբան Ավետիս Քալաշյանը: Այնուհետև տեղեկացրեց, որ բողոքարկելու է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և անհրաժեշտության դեպքում հասնելու են մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Լրագրողներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է Բաբայանը ներման խնդրագիր ներկայացնի նախագահին, փաստաբանը պատասխանեց. «Ներման մասին մենք առայժմ որևէ պլաններ չունենք, պետք է բողոքարկվի դատական ակտը: Բոլոր այն իրավական հնարավորությունները, որ ունենք այս դատական ակտը բեկանելու ու արդարության հասնելու, պետք է օգտագործենք: Ներումը միայն այն դեպքում կլինի, երբ բոլոր իրավական հնարավորությունները սպառվեն»:
