ՀՀ-ում 89,5 տոկոսով աճել է մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները, թմրամիջոցների մաքսանենգության հանցագործությունները՝ 111.4%-ով․ Վարդապետյան
2024թ․ ՀՀ-ում արձանագրվել է հանցագործությունների թվի 1,1 տոկոսով նվազում, բացահայտման ցուցանիշի՝ 3,4 %-ով աճ։ Եթե 2023թ․ արձանագրվել էր հանցագործությունների 40661 դեպք, որոնցից 20231-ը՝ Երևանում, ապա 2024-ին՝ 40232 դեպք, որոնցից 18397 կատարվել էին Երևանում։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում, ներկայացնելով տարեկան հաղորդումը, հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Ըստ հաղորդման՝ նվազել են միջին և ծանր հանցագործությունների դեպքերը, փոխարենն ավելացել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը` 422-ով կամ 25,1 տոկոսով։ Մասնավորապես, 2023թ․-ին արձանագրվել է 1678 դեպք, 2024 թվականին՝ 2100։
2024թ․ 9.9%-ով աճել են խարդախության հանցագործությունները, 25.1%-ով՝ համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունները: Ինչ վերաբերում է թրաֆիքինգի դեպքերին, ապա դրանք աճել են։ Մասնավորապես, 2024թ․ ՀՀ-ում 89,5 տոկոսով աճել է մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները, 11,9 %-ով՝ սեռական անձեռմնխելիության դեմ հանցագործությունները, 111.4%-ով՝ թմրամիջոցների մաքսանենգության հանցագործությունները։
