Աղոթք բարձրացրինք առ Աստված, որ Տերը զորացնի մեր ժողովրդին` իր հոգու ցավն ու տառապանքը ուժի վերածելու․ Ամենայն Հայոց կաթողիկոս
Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը` Արցախում մեր ժողովրդի հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների, արցախյան կորուստների ցավը մեր սրտում։ Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ հղելով իր ուղերձը։
«Ծիծեռնակաբերդի նվիրական այս բարձունքում մեր հոգևորականների և մեր զավակների հետ աղոթք վերառաքեցինք առ Աստված, որ Տերը զորացնի մեր ժողովրդին` իր հոգու ցավն ու տառապանքը ուժի վերածելու, հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարությունները և նորանոր իրագործումներով շենացնելու հայրենական մեր երկիրը, կերտելու մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր կյանքը։ Թող Աստված օգնական ու պահապան լինի ազգիս՝ հայրենաշինության իր առաքելության նվիրական ճանապարհին։ Տիրոջ սերը և ողորմությունն այսօր և միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց»,- նշեց Վեհափառ Հայրապետը։
