Անսթափ վարորդը «Opel»-ով բախվել է եզրաքարին ու գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում. երեխան ու հղի կինը տեղափոխվել են հիվանդանոց
Երեկ՝ ապրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 58-ամյա Հարություն Գ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցում՝ գրողի հուշարձանի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին ու գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հարություն Գ.-ն, նրա ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Կարինե Գ.-ն, 25-ամյա Լիլիթ Գ.-ն և 2 տարեկան Հարություն Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Քրիստինե Մ.-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, իսկ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված Քրիստինե Մ.-ն հղի է:
