Թերուսների հիմարությունները չեմ մեկնաբանում. Գագիկ Ղազինյանը` «թալանը վերադարձնելու» և ապօրինի գույքի մասով ՍԴ որոշման մասին

«Չորս տարի անց Սահմանադրական դատարանը վերջապես որոշում կայացրեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության հարցով: Հրապարակվել է ՍԴ որոշման միայն եզրափակիչ մասը, ապրիլի 20-ին կհրապարակվի ամբողջ որոշումը։ Ըստ եզրափակիչ մասի, ՍԴ-ն գտնում է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ «Ապօրինի ծա­գում ունեցող գույքի բռնագանձ­ման մասին» օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի` պաշտոնն ստանձնելու պահից հետո։ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Դիմողի կողմից վիճարկվող մնացած դրույթները՝ դրանց վերաբերյալ ներկայացված հիմնավորումների շրջանակում, Սահմանադրությանը համապատասխանության վերացական ստուգման արդյունքներով համապատասխանում են Սահմանադրությանը:

Ապրիլի 3-ին Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի նախկին դեկան, ՀՀ արդարադատության խորհրդի նախկին անդամ Գագիկ Ղազինյանի եւ նրան փոխկապակցված անձանց ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին դատական նիստը։ ՍԴ-ի այս որոշումը մեծ թվով պաշտոնյաների է վերաբերում, այդ թվում` հենց բազմամյա դեկան Գագիկ Ղազինյանին: Ղազինյանին, ըստ վարույթի, համարել են պաշտոնատար անձ 2013-ից՝ ՀՀ արդարադատության խորհրդի անդամ ընտրվելու պահից։ Այսինքն, ուսումնասիրության ենթակա է դրանից հետո ձեռք բերված գույքը, բայց ոչ` առաջ, սակայն փաստացի դատախազությունն ուսումնասիրությունը սկսել է ոչ թե նրա՝ պաշտոն զբաղեցնելու տարիներից, այլ՝ 1992-ից։ «Հրապարակ»-ն այս առնչությամբ զրուցել է Գագիկ Ղազինյանի հետ։

– ՍԴ-ի այսպիսի մեկնաբանությունը Ձեզ համար կանխատեսելի՞ էր։

– Ես շատ ավելին էի սպասում։ Վարույթ նախաձեռնելիս հիմք են ընդունվում օպերատիվ հետախուզական միջոցառումների նյութերը, ժամկետների հարցը, դրանց վերաբերյալ ՍԴ-ի որոշումը եզրափակիչ մասից չի երեւում։ Վենետիկի հանձնաժողովի, ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքները, դատախազության ներկայացրած նյութերը որոշակի մտահոգություն են առաջացնում` ժամկետի առումով։ Պատկերացրեք՝ գույքի ուսումնասիրությունը սկսվում է 2020-2021թթ․, բայց հետադարձ` մինչեւ 1991-ը գնում են, որքանո՞վ է սա սահմանադրական, ապացուցման բեռի հարցն է շատ կարեւոր՝ ո՞վ պետք է ապացուցի։

– Հատկապես, երբ արխիվների վիճակը, մեղմ ասած, վատ է եղել, թվայնացում չի արվել, փաստաթղթեր չեն պահպանվել։

– Այո, գիտենք բոլորս, թե 1990-ականներին ինչ էր կատարվում, եւ խոսք չէր կարող լինել համակարգված արխիվացման մասին։ Ես չգիտեմ՝ այս ամենին անդրադարձ արե՞լ է ՍԴ-ն, համենայնդեպս, եզրափակիչ մասում դա չի երեւում։

-Մինչեւ ՍԴ-ն որոշումը կհրապարակեր՝ դատախազությունը կամայականության սկզբունքով «չագուճի» տակ է առել մեծ թվով նախկին պաշտոնյաների, բռնագրավել նրանց գույքը, դիմել դատարան, շատերի գույքը կալանքի տակ է։ Եթե ՍԴ-ն համարի, որ սխալ է եղել դատախազությունը, գումարները հե՞տ են վերադարձնելու։

– Ո՞նց են վերցրել, եթե վարույթը հարուցելուց հետո տվյալ անձը պետության հետ եկել է համաձայնության, եւ որպեսզի դատաքննության չհասնի գործը՝ համաձայնել են վերադարձնել գույքի ինչ-որ մի տոկոսը, որը պետությունը թույլ է տալիս, այս դեպքում ի՞նչ հետվերադարձի մասին է խոսքը, եթե իրենց ցանկությամբ են տվել պետությանը։ Իմ տեղեկություններով՝ ուժի մեջ մտած որեւէ դատական ակտ առայժմ չկա։

– Բա ո՞նց է Փաշինյանը կոկորդ պատռում, թե` «թալանը հետ բերելը պոզով-պոչո՞վ է լինում, Ռենջ Ռովեռ առ Ռենջ Ռովեռ, հատիկ առ հատիկ հետ ենք բերում»։

– Կան համաձայնության արդյունքում վերադարձված գու­յքեր։ Ես մի քանի անգամ ասել եմ՝ թերուսների հիմարությունները չեմ մեկնաբանում։ Դա իմ պաշտոնական տեսակետն է։ Թող ինքը բարի լինի՝ հիմնավորի, թե ինչպես է վերադարձրել։ 2 միլիարդ դոլար ո՞նց է վերադարձրել, եթե մարդիկ համաձայնության են եկել ու տվել են պետությանը։ Սա չի նշանակում, որ ուժի մեջ մտած օրինական վճիռ կա։ Նորմալ մարդը, խելոք մարդն իրեն թույլ չի տա՝ էդ տիպի մարդկանց խոսքերը մեկնաբանի։ 

ՀԳ․ Հիշեցնենք, որ դեռես 2022 թ. սկզբին էին ընդդիմադիր պատգամավորներն այդ օրենքը վիճարկել ՍԴ-ում` խնդրելով քննել օրենքի հակասահմանադրականության հարցը։ Թվում է` մարդկանց գույքին, սեփականությանը վերաբերող օրենքը, որը կարող է ազդել նրանց կյանքի որակի վրա, ոտնահարել նրանց իրավունքները, պետք է ՍԴ-ն առաջնահերթորեն քններ, որ գործընթացը չսկսվեր եւ անդառնալի հետեւանքներ չունենար, բայց ՔՊ-ի կցորդը դարձած բարձր դատարանը ճիշտ հակառակն արեց` քնեցրեց գործը: Ժամանակ ձգելու համար դիմեց Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար։ 2022թ․ դեկտեմբերին Վենետիկի հանձնաժողովը տվեց իր կարծիքը, որն ավելի շատ քաղաքական, դիվանագիտական բնույթի էր, բայց կային որոշ դիտարկումներ, որ օրենքը խնդրահարույց է։ Օրինակ, Հանձնաժողովն անդրադարձել էր նրան, որ գույքի ծագումն ուսումնասիրելիս մինչեւ 1991 թվականն են հասնում, ասել էր՝ այդքան հետ գնալը պրոբլեմ է, չի կարելի սեփականության իրավունքն այդքան անորոշ եւ անկանխատեսելի դարձնել, կարելի է հետ գնալ առավելագույնը 10-15 տարի՝ հետազոտումը սկսելու պահից ի վեր»:

դիտվել է 143 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am