ԱՄՆ վերջնագիր է ներկայացրել Եվրոպայի՞ն. քաղաքական վերլուծաբան
«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ, եթե առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում չգրանցվի առաջընթաց Ուկրաինայում հրադադարի հասնելու հարցում, ապա ԱՄՆ կդադարեցնի այդ ուղղությամբ ջանքը; «Մենք չենք պատրաստվում շաբաթներ և ամսիներ շարունակ ջանքեր գործադրել։ Պետք է շատ արագ որոշենք, ես խոսում եմ մի քանի օրվա մասին՝ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում դա հնարավո՞ր է, թե՞ ոչ։ Եթե՝ այո՛, ապա, մենք կանք, իսկ եթե՝ ո՛չ, մենք ունենք այլ առաջնահերթություններ և՛ս որոնց վրա նույնպես պետք է կենտրոնանանք», ըստ Ռոյթերզի ասել է Ռուբիոն, ինչը մեջբերում է Ազատություն ռադիոկայանը»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Նա նշում է.
«Փաստացի, սա վերջնագիր է Եվրոպային: Ըստ ամենայնի, ռուբիոն ասելով առաջիկա օրեր կամ շաբաթներ, նկատի ունի ապրիլի 30-ը, հենց այն ժամկետը, որի մասին խոսեցի առավոտյան: Կամ, գուցե խոսք լինի մի քանի օր ավելիի մասին:
Բայց, Ռուբիոն արտահայտվում է թերեւս բավականին հստակ՝ կամ Եվրոպան ընդունում է ԱՄՆ տարբերակը, կամ ԱՄՆ դուրս է գալիս: Ընդ որում, դուրս գալը նշանակում է նաեւ Ուկրաինային օժանդակության դադարեցում, ինչի մասին է վկայում այն, որ Ռուբիոն հայտնում է, թե իրենք այլ առաջնահերթություններ էլ ունեն, որ պահանտջում են ուշադրություն:
Վաշինգտոնն ըստ ամենայնի հայտնում է, որ թույլ չի տա Եվրոպային «մուկնուկատու» խաղալ իր հետ: Այսինքն, հայտարարել, որ պատրաստ են Ուկրաինայի համար տրամադրել մեծ օգնություն, այդ թվում ռազմական, այդ կերպ նաեւ փաստորեն Ուկրաինային «թիկունքից» հրել ԱՄՆ պայմաններին դիմադրելու, իսկ իրենք գործնականում շարունակեն ապավինել նրան, որ ԱՄՆ այդուհանդերձ չի լքի Կիեւին:
Ռուբիոն փաստորեն ասում է, որ՝ կլքեն, եթե առաջիկա օրերին չլինի համաձայնություն:
Ըստ ամենայնի, Ֆրանսիայում Ռուբիոն եւ Ուիտկոֆֆը ստացել են հավաստիացում, որ եվրոպացիները կօգնեն, որպեսզի Զելենսկին ընդունի ԱՄՆ պայմանները, կամ այլ կերպ ասած՝ չեն օգնի Զելենսկուն եւ չեն մղի դիմադրության: Բայց, Ռուբիոն նաեւ հայտարարում է, որ, եթե հանկարծ մտածեն Վաշինգտոնին գցելու մասին, ապա իրենք պարզապես դուրս կգան գործընթացից, ուկրաինական պատերազմը փաստորեն թողնելով ամբողջապես եվրոպացիների վրա:
Կասկած չկա, որ չնայած հավաստիացումներին, Եվրամիությունն իրականում պատրաստ չէ ստանձնել այդպիսի պատասխանատվություն ու բեռ, որովհետեւ չունի դրա համար անհրաժեշտ ռեսուրս»։
