ԱՄՆ-ն Եմենում նավթային նավահանգիստ է ոչնչացրել, կան բազմաթիվ զոհեր. հութիները պատասխան են խոստացել
ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Եմենի Ռաս Իսա նավթային նավահանգստին, որը գտնվում է Կարմիր ծովի ափին գտնվող Ալ-Հոդեյդա նահանգում։ Այս մասին սոցցանցում հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM): Ըստ ամերիկյան կողմի հաղորդագրության՝ նավերը շարունակել են այս նավահանգստով վառելիք մատակարարել հութի ապստամբներին, որոնց ԱՄՆ-ն ահաբեկիչ է ճանաչել, գրում է kommersant.ru-ն։
Ինչպես հայտնում է Al Mayadeen-ը, հարվածների հետևանքով նավահանգիստը հրդեհվել է։ Եմենի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհվել է 13, վիրավորվել՝ 30 մարդ։ Al Masirah-ը հայտնում է 22 զոհի մասին։
Հութիները հարվածները որակել են «ռազմական հանցագործություն» և զգուշացրել, որ դրանք «անպատիժ չեն մնա»։
Մարտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Եմենի հութիների դեմ ռազմական գործողություն սկսելու մասին։ Ինչպես նշել է NYT-ն, գործողությունը կարող է տևել վեց ամիս, և դրա արժեքը, հավանաբար, կգերազանցի 1 միլիարդ դոլարը: CNN-ի հաղորդմամբ՝ Եմենում հութիների դեմ ցամաքային գործողություն է նախատեսվում, որը կսկսվի հարավից և արևելքից, որտեղ գտնվում է միջազգայնորեն ճանաչված կառավարությունը։ Դրան կարող են աջակցել ԱՄՆ-ն, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։
