Ուկրաինայում մայիսի 9-ից 90 օրով կերկարաձգվի ռազմական դրությունն ու զորահավաքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել մայիսի 9-ից 90 օրով ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրինագիծ։ Համապատասխան փաստաթղթերը տեղադրված են խորհրդարանի կայքում։
Ուկրաինայի իշխանություններն արգելել են ընտրությունները ռազմական դրության ժամանակ։ Ակնկալվում է, որ Ռադան մոտ ապագայում կքննարկի այս նախագծերը։ Խորհրդարանի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկն ավելի վաղ նշել էր, որ օրինագծերը կհաստատվեն։
Ինչպես Telegram-ի իր ալիքում պարզաբանել է պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը, ռազմական դրությունը և զորահավաքը կերկարաձգվեն մինչև օգոստոսի 6-ը։
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ուկրաինական լրատվամիջոցներում շրջանառվում էր կարծիք, որ, հաշվի առնելով ԱՄՆ-ի մասնակցությամբ հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները, ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը չեն երկարաձգվի։ Անգամ նշվում էին նախագահական և խորհրդարանական ընտրությունների հնարավոր ժամկետներ։