Թուրքիայի պաշտպանության նախկին նախարարը Բաքվից սպառնացել է Հայաստանին
Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը Բաքվից սպառնացել է Հայաստանին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
«Հայաստանը պետք է խելքի գա։ Սա առաջին բանն է, որ պետք է անել»,- մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարին։
Նա նշել է, որ «Միասնական Հայրենիք» շարժման շնորհիվ Ղարաբաղում հաղթանակ է տարվել»։ «Շուշայում (հայկական օկուպացված Շուշի քաղաքի ադրբեջանական անվանումը) ծածանվում է Ադրբեջանի եռագույն դրոշը։ Հայաստանն առաջիկայում պետք է հաշտվի իրականության հետ եւ ընդունի այս փաստերը եւ հնարավորինս շուտ սեղմի Ադրբեջանի մեկնած ձեռքը։ Մոտ ապագայում պետք է խաղաղության պայմանագիր կնքվի, եւ խաղաղությունը պետք է գա տարածաշրջան։ Սա է մեր նպատակը։ Ադրբեջանի հետ սահմանին Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերն ապարդյուն ջանքեր են։ Դրանով ոչնչի չեն հասնի»։