Սահմանադրական դատարանը 6 օր է՝ խորհրդակցական սենյակում է
Past.am-ը գրում է․
2020 թվականին, երբ ընդունվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» աղմկահարույց օրենքը, ոլորտի բոլոր մասնագետները պնդում էին, որ այն ընդունվել է միջազգային փորձում առկա պահանջների ակնհայտ ու կոպիտ խախտմամբ: Չնայած նման կարևոր օրենքները, նախքան ընդունումը, համաձայն միջազգային փորձի, նախ փոխանցվում է Վենետիկի հանձնաժողով՝ հեղինակավոր այդ կառույցի կարծիքը ստանալու համար, բայց օրվա իշխանությունները խուսափել էին դրանից և չէին ուղարկել օրենքի նախագիծն այդ մարմին:
Ուշագրավ էր, որ այդ ժամանակ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը նույնիսկ հայտարարություն էր տարածել օրենքի ռիսկերի մասին, սակայն նա էլ խուսափել էր դիմել Սահմանադրական դատարան: Երբ օրենքը սկսեց կիրառվել, ակնհայտ դարձավ, որ բոլոր մտահոգություններն իրականություն են դառնում՝ այն չի վերաբերում զուտ նախկին պաշտոնյաներին, այլ ցանկացած անձի, նույնիսկ գործարարների: Ավելին, այդ բռնագանձվող միջոցները ոչ թե փոխանցվում էին ժողովրդին, այլ պարզապես ուրիշ գործարարների տնօրինման տակ էին հայտնվում:
2021 թվականից այս օրենքի հարցն առկախվել էր Սահմանադրական դատարանում։ Եվ միայն 4 տարի անց Սահմանադրական դատարանը, ձեռքի տակ ունենալով Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը, Եվրոպական դատարանի Մեծ պալատի կայուն նախադեպային որոշումները, ըստ որոնց՝ այս օրենքը մի շարք խախտումներ է պարունակում, փաստացի վերսկսեց գործի քննությունը և շուրջ 6 օր է՝ գտնվում է խորհրդակցական սենյակում: