Մեզ պետք չի ձեր ֆեյք «իրական Հայաստանը»․ Սերոբ Գասպարյան
Մեզ պետք չի ձեր ֆեյք «իրական Հայաստանը»։ «Սեւ հովազ» ռազմահայրենասիրական ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանի կոչը Երևան-Կենտրոն ՔԿՀ-ից։
««Ձեր կառուցած իրական Հայաստանը ականապատ դաշտ է հայ ժողովրդի համար։ Նորեն սուտ, նորեն խաբեություն, գեղեցիկ շարադրված խոստումներ, անմեղի ու հրեշտակի կեցվածք ընդունած իրական Հայաստան «խաղաղության» խաչմերուկի խոստումներով։ Ազգիս էլ ավելի գլորում են դեպի անդունդ, դեպի ճահիճ, որտեղից ելք չի լինելու։ Տեսախցիկների առաջ սուրբ են, տեսախցիկներից այն կողմ՝ բարձր հռհռալով ծաղրում են մեզ և մտածում, թե որքան հիմար է այս ժողովուրդը. հա խաբում ենք ու խաբում, կրկին հավատում են մեզ։ Ո՞րն է այդ «իրական Հայաստանը»․ որ խլեց մեզանից հայրենի՞ք, որ հազարավոր ընտանիքների լո՞ւյսը մարեց, որ ծնողին հավերժ բաժանեց իր մինուճար զավակի՞ց: Այն «Հայաստանն» է, որ պարտադրում է ուրանալ պատմությունը, կասկածի տակ դնել ցեղասպանությունը, հայուր- հազարավոր մարդկանց ստիպեց լքել իր բնօրրա՞նը, այն «Հայաստանն է», որ ուրանում է մշակույթը, քանդում դպրոցները, կրթությունը, այն «Հայաստանն է», որ աչք է փակում սեփական ժողովրդի տառապանքների վրա, ծնկի է գալիս թշնամու առաջ և թշնամու հրահանգով կալանավորում ազգի նվիրյալներին և աչք փակում թշնամու կողմից կտտանքների ենթարկվող հայորդիների նկատմա՞մբ։ Այդ «իրական Հայաստանը» ոչնչացնում է հերոսներին, խրախուսում դավաճանությունը, գնում է վերջնական կապիտուլիացիայի:
Այդ «իրական Հայաստանում» բարձրագույն արժեք «համարվող» մարդն այլևս արժեք չունի։ Ձեր պատկերացրած իրական Հայաստանը հայինը չէ։ Մեր Հայաստանը հաղթանակած, գլուխը բարձր, նամուս-թասիբը պահած հերոսական և հերոսների Հայաստանն է, այն Հայաստանն էր, որին թշնամին և աշխարհը հարգանքով էին վերաբերվում, այն Հայաստանն է, որի ընտանիքներում բացակա չկար, իսկ ձեր պատկերացրած իրական Հայաստանը միայն սուգ, ցավ, բաժանություն, արցունք, պարտություն և ամոթ բերեց մեզ և շարունակում է խլել մեզանից մեր արժանապատվությունը, ծաղրում և արհամարհում մեզ «իրական Հայաստանով», թալանում, նվաստացնում, սպանում և գերության մատնում մեզ։ Չէ, մենք չենք ուզում ձեր պատկերացումների ֆեյք Հայաստանը։ Ձեր ֆեյք «իրական Հայաստանը» սպառնալիք է մեր պետականությանը և հայ ժողովրդին։ Մենք ուզում ենք մեր Հայաստանը, որն անկախ է, հզոր սիրով, որտեղ կա արդարություն և արդարադատություն, որտեղ մարդը արժեք ունի, որտեղ թշնամին չի թելադրում, թե ինչպես ապրես և շնչես։
Սիրելի՛ հայրենակիցներ, եթե կա կամք և ցանկություն կառուցելու մեր երազանքների հայրենիքը, հաղթեք ինքներդ ձեզ, հաղթահարեք ձեր ներսի վախը։ Վախը ամենասարսափելի զենքից էլ վտանգավոր է. ազատվեք վախից, լցվե՛ք քաջությամբ։
Միասնական հայ ժողովրդի առջև չկա անհաղթահարելի բարձունք և խոչընդոտ։ Եվ ուրեմն դարձի՛ր քո իսկ ընտանիքի հերոսը և նվիրյալը։ Դարձիր իրավիճակի տերը, որպեսզի միասին կառուցենք մեր երազանքի հզոր, անկախ, արդար, սիրով լի դրախտավայր Հայաստան աշխարհը։
Սա էին ուզում մեր բոլոր նահատակները»։
ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ ՉԵՆ ԴԱՎԱՆԱՓՈԽՎՈՒՄ
ՍԵՎ ՀՈՎԱԶ
ՍԵՐՈԲ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Երեւան-Կենտրոն ՔԿՀ»