Ամբողջ Երեւանը բոյկոտում է, որ ուղեվարձը 150 դրամ է, այսօր մեզ ստիպում են, որ մենք 700 դրամ վճարենք. Քասախի բնակիչ
Եթե որեւէ ոստիկան կգա, մեզ կասի, որ մենք ձեր փոխարեն վճարում ենք, մենք էլ ճանապարհը կբացենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Քասախի բնակիչներից մի կին:
Նշենք, որ քասախցիները պահանջում են վերականգնել թիվ 59 երթուղին, որը Քասախը կապում էր Երեւանին: Նրանք ժամանակ առ ժամանակ փակում են Երեւան-Աշտարակ մայրուղին, սական ոստիկաններին հաջողվում է բացել այն:
Արագածոտնի մարզպետն առաջարկել է ժամը 10:30 հանդիպել, բայց քասախցիները հրաժարվում են մարզպետարան գնալ, ասում են՝ թող ինքը գա մեզ հետ այստեղ հանդիպի:
«Ամբողջ Երեւանը բոյկոտում է, որ ուղեվարձը 150 դրամ է, այսօր մեզ ստիպում են, որ մենք 700 դրամ վճարենք: Ասում են՝ սա քաղաքինը չի, բայց 30-40 տարի մենք Երևանի հետ գիծ ունենք: Հիմա մենք մեր խաղաղ ցույցն ենք անում, ուրիշ ոչ մի բանի հետ մենք գործ չունենք, մենք պահանջում ենք, որ մնա նույն գումարը, նույն գիծը, ուրիշ ոչ մի բան:
Մենք թոռներ ունենք, որ Երեւանում դպրոցում են սովորում, Մալաթիայից ո՞նց կարող են հասնել այստեղ: Երկրորդ դասարանի երեխա կա, որ դուրս է գալիս Մալաթիայից, ու պիտի երկու տրանսպորտ փոխի, ծնողն աշխատում է: Մեր կապը միշտ եղել է քաղաքի հետ, էստեղից Երեւան մեկ կմ էլ չկա»,-ասաց նա: