Երևանում օդի աղտոտվածությունը նորմայից բարձր է, դա մեծացնում է մի շարք ծանր հիվանդությունների հավանականությունը. ԵՊԲՀ դոցենտ
Ունենալու ենք շնչառական համակարգի, արյան շրջանառության համակարգի խնդիրներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Արմեն Մկրտչյանը՝ անդրադառնալով Երևանում օդի աղտոտվածության բարձր ցուցանիշին:
Նրա խոսքով, տվյալների համաձայն, ուղեղի կաթվածի դեպքերի մեկ երրորդը պայմանավորված է հենց դրանով, որը նպաստում է նաև դիաբետի զարգացմանը:
Մկրտչյանի խոսքով, օդի աղտոտվածությունը լինում է բնական և անտրոպոգեն՝ մարդածին աղտոտում, որը քաղաքներում ավելի մեծ տոկոս է կազմում: Որոնք են դրա հիմնական պատճառները. «Դա մի քանի աղբյուր ունի. շինարարությունը չվերահսկվող, տրանսպորտը: Երբ որ մենք պատահական շինարարություն ենք անում, մենք նաև խանգարում ենք նորմալ ցիրկուլացիան օդի տարածքում, քաղաքը պետք է ունենա ցիրկուլացիոն համակարգ, որպեսզի այդ օդը շրջանառվի, այլ ոչ թե կուտակվի», -նշել է Մկրտչյանը:
Մկրտչյանի խոսքով, օդի աղտոտվածության բարձր ցուցանիշ Երևանում գրանցվում է առավոտյան, հատկապես մեծ մեքենաների խցանման հատվածում, օրինակ Իսակովի, Ազատության պողոտայում, որն ազդում է ոչ միայն ռիսկի խմբում գտնվող մարդկանց վրա, այլև ընդհանուր բնակչության առողջության վրա: Նրա համոզմամբ, շատ հետազոտություններ կան, որ նույնիսկ կարճաժամկետ՝ մի քանի ժամվա, նույնիսկ մի քանի օրվա աղտոտված օդի ազդեցությունը կարող է բերել որոշակի առողջական խնդիրների:
«Վերջերս քննարկվում է նաև, որ դրանք կարող են բերել ուռուցքների առաջացման, ընդ որում ոչ միայն թոքերի ուռուցքի, այլ նաև կրծքագեղձի, լյարդի ուռուցքի հավանականություն կա, ինչպես նաև անպտղության», -ասել է նա:
Մկրտչյանի խոսքով, այն, ինչը մարդածին աղտոտման հետևանք է, այդտեղ գործ ունեն անելու պատկան մարմինները: Օդի աղտոտվածությունը չափում է նաև Երևանի քաղաքապետարանը, որն այժմ մշակում է օդի աղտոտվածության նվազեցման քառամյա ծրագիր, որը մինչև 2025 թվականի մարտ ամիսը պետք է պատրաստ լինի: Օրեր առաջ էլ Երևանի քաղաքապետ Ավինյանն էր վստահեցնում, որ օդի որակն էլ առաջվանը չէ. «Այս սեզոնին օդի որակն էականորեն փոխվում է դեպի լավը, և սա ցույց են տալիս մեր սարքերը»,- գործակարգավարական նիստում նշել էր նա: