Ալիևը Հայաստանին մեղադրել է. «մենք դա հիշում ենք»
«Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Ադրբեջանի նկատմամբ Եվրահանձնաժողովի վերաբերմունքին։
«Այսօր Եվրահանձնաժողովը պետք է հանի վարդագույն ակնոցները, իրատեսորեն նայի աշխարհին և արժեւորի Ադրբեջանի նման պետություններին։ Նրանք չպետք է Հարավային Կովկասը բաժանեն իրենց կողմից սիրված և չսիրված պետությունների»,– նշել է նա։
Ալիևը նաև Սիրիայի նախորդ ղեկավարությանը մեղադրել է «հայամետ, հակաադրբեջանական դիրքորոշում» որդեգրելու մեջ, պնդել է, թե Հայաստանի ղեկավարության և այն ժամանակվա Սիրիայի ղեկավարության միջև եղել են բազմաթիվ շփումներ։
«Հիմա Հայաստանի կառավարությունը կարող է մտածել, որ ոչ ոք դա չի հիշում: Ոչ, մենք դա հիշում ենք: Եվ հիմա մենք տեսնում ենք, որ նրանք (Հայաստանը-խմբ.) փորձում են մարդասիրական օգնություն տրամադրել Սիրիային: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Հայաստանի կեղծավորությունը: Հուսով ենք, որ Սիրիայի կառավարությունն այլևս հարթակ չի տրամադրի նման կեղծավոր մարդկանց՝ իրենց գործունեության համար։ Մենք աջակցում ենք Սիրիայի կառավարությանը»,– ասել է Բաքվի բռնապետը։