Ռուսաստանը զանգվածաբար կամիկաձե դրոններով գրոհել է Խարկովը, Դնեպրը եւ Կրեմատորսկը
Ապրիլի 8-ի ուշ երեկոյան ռուսական բանակը գրոհային անօդաչու սարքերով զանգվածային հարձակում է սկսել Խարկովի, Դնեպրի եւ Կրամատորսկի վրա։ Խարկովում մոտ 20 հարված է հասցվել, հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։ «Հարվածների» մեծ մասը՝ մոտ 15-ը, գրանցվել է Օսնովյանսկի շրջանում, բոլորը եղել են արդյունաբերական գոտում, պարզաբանել է Խարկովի շրջանային դատախազության խոսնակ Դմիտրի Չուբենկոն։ Հարձակման են ենթարկվել նաեւ քաղաքի Ինդուստրիալնի, Շեւչենկոյի եւ Կիեւի շրջանները։ Հարձակման հետեւանքով վիրավորվել է երկու մարդ՝ անվտանգության 65-ամյա աշխատակիցը, որը գլխի վնասվածք է ստացել, եւ մի կին։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ ռուսական անօդաչու թռչող սարքերի գրոհի պատճառով Խարկովում 6 հրդեհ է տեղի ունեցել, որոնց ընդհանուր մակերեսը կազմել է ավելի քան 1 200 քառակուսի մետր:
Դնեպրում կամիկաձե դրոնը հարվածել է բնակելի շենքերին. «Վիրավորվել է 15 մարդ, որոնցից 8-ը շարունակում են մնալ հիվանդանոցներում։ «Գրեթե բոլոր հիվանդները միջին ծանրության են»,- ասել է Դնեպրոպետրովսկի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։ Նրա տվյալներով՝ քաղաքում վնասվել են 15 առանձնատուն եւ չորս բազմահարկ շենք, ավերածություններ են եղել մի քանի ձեռնարկությունների եւ վարչական շենքերի տարածքում, վնասվել են տասնյակ մեքենաներ։ Ընդհանուր առմամբ, Դնեպրում խոցվել է ռուսական 11 անօդաչու թռչող սարք։ Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքը նույնպես ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Հարվածները գրանցվել են բնակելի թաղամասերում, ասել է քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գոնչարենկոն։ Վիրավորվել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։
Մինչ այդ ռուսական բանակը մեկ շաբաթ առաջ անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակում էր իրականացրել Ուկրաինայի խոշորագույն քաղաքների դեմ։ Ռուսաստանն ավելացրել է Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցվող հարվածների թիվը՝ ԱՄՆ-ի հետ էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները ժամանակավորապես դադարեցնելու պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո։ Մարտի 27-ին Խերսոնում հրետանային գնդակոծության հետեւանքով զոհվել է տեղի երկու բնակիչ։ Ապրիլի 2-ին Կրիվոյ Ռոգում բալիստիկ հրթիռ է ընկել, ինչի հետեւանքով երկու մարդ է զոհվել։ Ապրիլի 4-ին բալիստիկ հրթիռը կրկին հարվածել է Կրիվոյ Ռոգին, այս անգամ զոհվել է 20 մարդ, այդ թվում՝ 9 երեխա։ Ապրիլի 6-ին ռուսական հրթիռները հարձակվել են Կիեւի վրա, ինչի հետեւանքով զոհվել է մեկ մարդ։ Այդ ընթացքում ռուսական բանակը նաեւ չորս լայնածավալ հարձակում է իրականացրել կամիկաձե դրոններով, որոնց հետեւանքով զոհվել է 15 մարդ Զապորոժիեում, Կիեւում, Դնեպրում եւ Խարկովում։