Երկրները «համբուրում են իմ հետույքը»՝ ցանկանալով մաքսատուրքերի հարցով գործարք կնքել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով աշխարհի պետությունների նկատմամբ իր սահմանած վիճահարույց մաքսատուրքերին, հայտարարել է, որ երկրները «համբուրում են իր հետույքը»՝ փորձելով իր հետ բանակցել՝ մաքսատուրքրեի հարցով գործարք կնքելու համար: Այս մասին գրում է Newsweek-ը:
ԱՄՆ ղեկավարն այս մասին ասել է Վաշինգտոնում Ազգային հանրապետական կոնգրեսական կոմիտեի ընթրիքի ժամանակ:
«Այս երկրները զանգահարում են մեզ, համբուրում են իմ հետույքը: Նրանք մեռնելու չափ ցանկանում են գործարք կնքել: «Խնդրում եմ, պարոն, գործարք կնքեք: Ես կանեմ ամեն ինչ, ես կանեմ ամեն ինչ, պարոն»», - ասել է Թրամփը ծաղրող ձայնով:
Ապրիլի 2-ին Դոնալդ Թրամփը հայտարարել է աշխարհի գրեթե բոլոր երկրների ապրանքների համար մաքսատուրքերի սահմանման մասին՝ 10%-ից մինչև 50%: Որոշ պետություններ, այդ թվում՝ Չինաստանը, արդեն հայտարարել են պատասխան միջոցների մասին։ Ապրիլի 4-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Պեկինը «խուճապի է մատնվել» Վաշինգտոնի գործողությունների պատճառով։
Թրամփը կարծում է, որ մաքսատուրքերի տեսքով առևտրային խոչընդոտները բարեկամ և հակառակորդ պետություններին կստիպեն գնալ զիջումների՝ թե գումարային, թե՛ տարածքային։ Տնտեսագետները զգուշացնում են, որ այժմ կյանքն ավելի դժվար է լինելու բոլորի, այդ թվում՝ ամերիկացիների համար, որոնք վճարելու են Թրամփի կողմից սահմանված ներմուծման հարկը։
ԱՄՆ-ն աշխարհի ամենամեծ տնտեսությունն է, և բոլորը ցանկանում են առևտուր անել նրա հետ: Թրամփը կարծում է, որ առևտրային գործընկերները ավելի մեծ շահույթ են ստանում ԱՄՆ-ից, քանի որ ավելի շատ ապրանքներ են վաճառում ԱՄՆ-ին, քան գնում են նրանից: Բացի այդ, նրանց մաքսատուրքերը ավելի բարձր են, քան ԱՄՆ-ինը։ Այսօրվա պատասխան սակագները կոչված են հավասարեցնելու խաղի կանոնները, ասել է Թրամփը: