«Հայաստանն իրեն զրկել է կարևոր տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից»․ Ալիև
«Ադրբեջանական տարածքի հայկական օկուպացիան թույլ չի տվել Հարավային Կովկասին զարգանալ որպես քիչ թե շատ ինտեգրված տարածաշրջան, իսկ մենք դրա հնարավորություններն ունեինք», – այսօր Բաքվում, ADA միջազգային ֆորումի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
«Էներգետիկ անվտանգություն, տրանսպորտ, ներդրումներ, տնտեսական օգուտներ․ Հայաստանն, ագրեսիայի արդյունքում, իրեն փաստացիորեն զրկել է այս ամենից, ինքն իրեն զրկել է ադրբեջանական էներգետիկ ռեսուրսների և տրանսպորտային ուղիների համար կարևոր տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից»,- նշել է նա։
Բաքուն շարունակում է Հայաստանից ճանապարհ պահանջել, որ Ադրբեջանը կկապի Նախիջևանին ու այն կլինի առանց մաքսային հսկողության ու անխոչընդոտ: Հայաստանն էլ պնդում է, որ այդ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո:
Շեշտելով, որ Ադրբեջանը բազմաթիվ երկրների հետ ռազմավարական գործընկերության հռչակագրեր ունի՝ Իլհամ Ալիևն ասել է, թե սա հնարավորություն է տալիս Բաքվին՝ կարևոր տնտեսական և տրանսպորտային կամուրջ լինեն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի և Եվրոպայի միջև։
Այս տարածաշրջանի հետ երկարաժամկետ համագործակցության համար հնարավոր չէ անտեսել Ադրբեջանին՝ նշել է Ալիևը՝ շեշտելով․
«Եվրոպայում որոշ ուժեր կնախընտրեին Ադրբեջանին մեկուսացնել այս գործընթացից ու բաժանարար գծեր գծել, մասնավորապես, Հարավային Կովկասում, բայց այդ փորձերը հաջողություն չեն ունենա»։ Թե որ երկրներին նկատի ուներ, Ալիևը չի մանրամասնել։