1,5 տարում իրավապահները չեն պարզել՝ ո՞ր ոստիկանի հարվածից է վնասվածք ստացել Գեղամ Մանուկյանը
Արցախի հայաթափման օրերին Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում ոստիկանության բռնի գործողությունների հետևանքով ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը վնասվածքներ էր ստացել, մասնավորապես, քթի կոտրվածք։ Դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրավապահները ունակ չեն պարզել, թե որ ոստիկանի հասցրած հարվածի հետևանքով է տուժել պատգամավորը։ Համենայն դեպս, առ այս պահը մեղադրյալ չկա։
Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերին, երբ ադրբեջանական զինուժը կրկին պատերազմ էր հրահրել ամիսներ շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախի նկատմամբ, քաղաքացիներն ինքնաբուխ հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով ՀՀ իշխանություններից գործուն քայլեր իրականացնել։ Գործուն քայլեր այդպես էլ չիրականացվեցին, ինչի հետևանքով Արցախում փաստացի էթնիկ զտում կատարվեց, փոխարենը, ՀՀ կառավարության շենքի մոտ տեղի ունեցող ցույցը ցրելու համար ոստիկանությունն անգամ հատուկ միջոցներ էր կիրառել։ Ոստիկանական բռնությունների հետևանքով տուժել էին մի շարք քաղաքացիներ, այդ թվում՝ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը քթի կոտրվածք էր ստացել։
ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2023թ․ նոյեմբերի 20-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ բռնության գործադրմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։
«Նախաքննությունը շարունակվում է։ Այս պահին որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ»,- նշել են դատախազությունից։ Սա փաստացի վկայում է, որ նախաքննական մարմինը կամ ցանկություն չունի, կամ անկարող է բոլորի աչքի առաջ կատարված հանցագործությունը բացահայտել։