Եթե մինչև աշուն չհաջողվի հեռացնել Փաշինյանին, իշխանություններն ընտրություններ կանցկացնեն. պատգամավոր
Եթե մինչև աշուն չհաջողվի հեռացնել Փաշինյանին, իշխող ռեժիմն ընտրություններ կանցկացնի: Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նրա կանխատեսումներով՝ նման դեպքում քաղաքական ուժերն ուզած-չուզած կմասնակցեն դրանց։
Նա մատնանշեց ընդդիմության համախմբման կարևորությունը, որտեղ «ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում»։
«Սուտ կլինի ասել, թե բոլոր ընդդիմադիր ուժերն ունեն նույն գաղափարներն ու մոտեցումները։ Եթե այդպես լիներ, Փաշինյանն արդեն իշխանության չէր լինի։ Թեև այդ տարաձայնությունները կարող են լինել, բայց ամեն դեպքում կարմիր գծերի հատումն անթույլատրելի է։ Եթե կան խնդիրներ, դրանք պետք է հստակեցվեն և լուծվեն»,-նշել է պատգամավորը։
Նա համաձայնեց այն տեսակետին, որ Գյումրիի ընտրություններից հետո հնարավոր կլինի փորձել հասնել իշխանափոխության ամբողջ երկրում։
«Արդեն ասացի, որ այս ընտրությունները շատ ավելի կարևոր նշանակություն ունեին, քան սոսկ ՏԻՄ ընտրություններ, դրանք կարող են դառնալ իշխանության հեռացման շարժման ստեղծման նախաբանը: Դրա հետ համաձայն են բոլոր ընդդիմադիր ուժերը, որոնք մասնակցել են Հայաստանի երկրորդ քաղաքում ընտրություններին, ինչը կարող է փոփոխությունների համար լավ նեցուկ ծառայել։
Եթե առանձին ընդդիմադիր գործիչների թվում է, թե կարող են հավակնել միայն քաղաքապետի պաշտոնին և հեռանալ երկրում իշխանափոխության համար պայքարից, պետք է հասկանան, որ իշխանություններն ունեն իրենց հեռացնելու գործիքներ։ Դա տեղի է ունեցել Ախուրյանում, Վանաձորում, Ալավերդիում և այլ վայրերում։ Իշխանությունները հիմա էլ ասում են, որ Գյումրիում ոչինչ ավարտված չէ: Ուստի եթե ընդդիմությունը չմիավորվի հանուն նրա, ինչի մասին խոսում էր նախընտրական քարոզարշավի ժամանակ, հնարավոր չի լինի էական հաջողությունների հասնել»,- ընդգծել է Դանիելյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: