Ոչ վարչապետը, ոչ որեւէ մեկը իրավունք չունի տղաների հայցերը հետ կանչի ՄԻԵԴ–ից. Ռուզաննա Ստեփանյան
Ոչ վարչապետը, ոչ որեւէ մեկը իրավունք չունի տղաների հայցերը հետ կանչի ՄԻԵԴ–ից: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, կառավարության դիմաց անհետ կորած զինծառայողների ծնողների լուռ բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Համահայկական ճակատ» շարժման անդամ, «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Ռուզաննա Ստեփանյանը։
«Վերջին շրջանում մի քիչ տեղաշարժ եղավ և հանկարծ կառավարությունը հայտարարում է, որ այս ծնողների հայցերը հետ են վերցնելու։ Որևէ մեկը դրա իրավունքը չունի, դա իրավունքների կոպտագույն խախտում է»,- նշեց նա՝ հավելելով, որ Ադրբեջանը կարող է ամեն օր նոր պահանջներ դնել, իսկ մերոնք պարզապես ցանկանում են սողացող խաղաղության թուղթը կարողանան ստորագրել։
Դիտարկմանը, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ նմանատիպ հայցեր ադրբեջանական կողմն էլ ունի ընդդեմ Հայաստանի և խաղաղության պայմանագիր կնքելու համար դրանք պետք է հետ կանչվեն, Ռուզաննա Ստեփանյանն ասաց. «Ադրբեջանը այդպես հստակ չի ասել, թե իրենք վերջին պատերազմից հետո քանի անհետ կորած ունեն, որովհետև մենք տեսանք, որ հայկական կողմը ամենավերջին մարդասպանին էլ հանձնեց Բաքվին: Ի՞նչ անհետ կորածների մասին է խոսքը, որևէ այնտեղ տեսե՞լ եք նման ակցիաներ, տեսե՞լ եք դժգոհության ալիք, այնտեղ կարծես թե այդ հարցը վերջնականապես լուծված է: Ադրբեջանը ամեն օր կարող է նոր պահանջներով դիմել և մերոնք փաստացի ուզում եմ որ ընդամենը այդ սողացող խաղաղության թուղթը կարողանան ստորագրել»: