Ժաննա Ալեքսանյանը հերքել է Գալյանին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, ով լրագրողների հետ զրույցում արձագանքելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած խոշտանգումների մասին հարցին, ասել էր․ «Ո՞վ է ասում, որ ՔԿՀ-ում բռնություն է կիրառվել, ընդամենը ստանդարտ գործ է եղել, խուզարկություններ», հերքել է հրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ով առաջինն էր ահազանգել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների խոշտանգումների մասին։
«Մի քանի ահազանգ եմ ստացել հարազատներից և մի դատապարտյալից, ում հետ խոսելիս ոռնոց էի լսում։ Անմիջապես զանգել եմ ՔԿԾ հասարակայնության հետ կապերի բաժին և հարցրել եմ, թե ինչ է կատարվում «Նուբարաշեն» ՔԿՀ–ի 5–րդ հարկում։ Դրանից հետո զանգել եմ ՄԻՊ գրասենյակ և ասել, որ այսպիսի վիճակ է այնտեղ։ Մանրամասն տեղեկություններ եմ ստացել և անմիջապես գրառում արել, որովհետև դա արտառոց իրավիճակ է, երբ «սպեցնազ» կոչվածը՝ 30–40 հոգով, մտնում են անպաշտպան մարդկանց մոտ ․․․ խցերը ավիրել են, ամեն ինչ թափել–շպրտել են, գետնին են գցել դատապարտյալին, կանգնել վրան և սկսել «դուբինկաներով» ծեծել»,–պատմել է Ալեքսանյանը՝ նշելով, որ «Նուբարաշենը» բռնությունների որջ է։