«Հայկական ավիաուղիների» օդանավերի թիվը պակասել է, «Ֆլայուան Արմենիայինը»՝ ավելացել. Hetq.am
Մարտի 17-ին «Հայկական ավիաուղիներ» («ՀԱՈւ») ընկերությունը հայտարարեց, որ ինքնաթիռային պարկի թարմացմամբ եւ նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։ Այս մասին գրում է «Հետք»-ը:
Հայտարարությունն անելու պահին ավիաընկերությունն ուներ 2 ինքնաթիռ, երկուսն էլ՝ Airbus A321 տիպի, որոնք ՀՀ-ում գրանցված էին որպես EK-AAD ու EK-AAB:
EK-AAD-ն փոխադրողի առաջին օդանավն էր: Այն Հայաստան է տեղափոխվել 2022 թ. դեկտեմբերին ու նույն ամսում գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում: Հիշեցնենք, որ 2021-ի փետրվարին հիմնադրված «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ն կոմերցիոն թռիչքների համար առանցքային նշանակություն ունեցող փաստաթուղթը՝ օդանավ շահագործողի վկայականը (ՕՇՎ), ստացել է հենց 2022-ի դեկտեմբերի 27-ին, այն նույն օրը, երբ նրա առաջին ինքնաթիռը գրանցվեց Հայաստանում:
Ընկերության երկրորդ Airbus A321-ը (EK-AAB) չնայած 2022-ի տարեվերջին արդեն ներկվել էր «ՀԱՈւ»-ի գույներով, Հայաստան տեղափոխվել է 2023-ի ապրիլին ու նույն ամսում գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում:
Նկատենք, որ թե՛ EK-AAD-ի, թե՛ EK-AAB-ի անուղղակի սեփականատերը իր դուստր ընկերությունների միջոցով ամերիկյան խոշոր լիզինգատու Air Lease Corporation-ն է:
«ՀԱՈւ»-ի՝ մարտի 17-ի հայտարարությունից օրեր անց՝ ամսի 26-ին, ՀՀ քաղավիացիայի կոմիտեն իր կայքում թարմացրել է մեր երկրում գրանցված օդանավերի ցանկը, ինչից երեւում է, որ EK-AAB-ն դուրս է բերվել հայկական ռեգիստրից, այսինքն՝ այլեւս «ՀԱՈւ»-ի շարժակազմում չէ: Ընդ որում՝ օդանավի գրանցումը ՀՀ ռեգիստրում վավերական էր մինչեւ այս տարվա ապրիլի 14-ը: Flightradar24.com կայքից էլ տեղեկանում ենք, որ EK-AAB-ն հունվարի 6-ից հետո թռիչքներ չէր կատարում, իսկ մարտի 25-ին այս բորտը Երեւանից տեխնիկական չվերթով մեկնել է Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: